Հերթական պայմանագիրը Տիկնիկայինի նախկին տնօրեն Ռուբեն Բաբայանի որդու՝ նույն թատրոնի ներկա տնօրեն, 2018-ից Փաշինյանին սատարող Արտաշես Բաբայանի հետ
Ազգային ժողովը մեկ անձ գնման ընթացակարգով Հ. Թումանյանի Անվան Ազգային Տիկնիկային Թատրոն ՊՈԱԿ-ին թատերական միջոցառման կազմակերպման ծառայություններ է պատվիրակել ՀՀ Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած երեխաների համար։
Ազգային ժողովն այս առաքելության համար, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացված պայմանագրի, 11 միլիոն 600 հազար դրամ է հատկացրել։
Ի դեպ, միջոցառման ժամկետ է նշվել հուլիսի 3-ը, այսինքն՝ այն արդեն կայացել է։ Պայմանագրից տեղեկանում ենք նաև, որ 11 միլիոն 600 հազարով կազմակերպվել է 2 ժամանոց միջոցառում՝ Ալավերդի քաղաքում, որի ընթացքում հատվածներ են բեմադրվել տարբեր ներկայացումներից, եղել են երաժշտական դրվագներ, ինչպես նաև խաղեր ու քաղցր բամբակի հյուրասիրություն։
ԱԺ բյուջեով կազմակերպված այս միջոցառումն Ազգային ժողովի կայքում վերնագրվել էր՝ «ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Լոռու մարզի մի շարք համայնքների փոքրիկների համար կազմակերպվել էր միջոցառում», ապա տեղադրվել էր Ալեն Սիմոնյանի ու երեխաների սելֆիի պահն անմահացնող լուսանկարը։
Պայմանագիրը ստորագրել են խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը և Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Բաբայանը, որը հայտնի է ոչ միայն՝ նախկին տնօրեն, այժմ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի որդին լինելու հանգամանքով, այլև 2018 թվականից առ այսօր Նիկոլ Փաշինյանին սատարելու պատճառով։
2022 թվականից Արտաշես Բաբայանը զբաղեցնում է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։ Նրա նշանակումը, ըստ պետգնումների armeps համակարգի, նաև «բարեբեր» է եղել թատրոնի համար․ իրար հետևից դրամաշնորհներ ու մեկ անձ գնման ընթացակարգով բազմաթիվ պայմանագրեր են կնքվել թատրոնի հետ։
Միայն այս տարի միլիոնավոր դրամների 4 պայմանագիր է կնքվել, այդ թվում՝ 3 դրամաշնորհային ծրագրեր ԿԳՄՍ նախարարության հետ, որոնցից մեկի ընդհանուր արժեքը, օրինակ, կազմել է 165 միլիոն 482.000 դրամ։