Բա եթե դա այդպես է, ինչո՞ւ առիթից չեն օգտվել և չեն մեկնել Աստանա. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Սերինե Չիլինգարյանը նրան հարցրել է.

«Աստանայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության սամիթին ակտիվ մասնակցեցին Ալիևն ու Էրդողանը, բայց Փաշինյանը և Հայաստանը բացակայում էին։ Ո՞րն է Ձեր կարծիքը»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Համաշխարհային զարգացումներն այնպիսին են, որ Հայաստանի նման երկրները, իրենց շահերից ելնելով, պարտավոր են օգտագործել ցանկացած հեղինակավոր հարթակ։ Դեռևս Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ՇՀԿ-ում (ШОС) ստացել էր դիտորդի կարգավիճակ, և ցավալի է, որ այստեղ նույնպես Ադրբեջանը մեզ շրջանցում է վերջին տարիներին։

Լավ, դիցուք, ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնում եք և ՀԱՊԿ-ում «սառեցնում» եք Հայաստանի մասնակցությունը։ Բայց ՇՀԿ-ն միայն Ռուսաստանինը չէ, այնտեղ մյուս խոշոր դերակատարը Չինաստանն է, նրան ինչո՞ւ եք «մերժում»։ Պատասխանը պարզ է․ Նիկոլենք ոչ թե պարզապես հակառուս են, այլ ատլանտիստ, փորձում եք ճխտվել մի ալյանս, որին ոչ մի բանով չեք պատկանում։

Ի տարբերություն նիկոլական խունտայի, Թուրքիան և Ադրբեջանն առաջնորդվում են բացառապես սեփական շահերով և շատ սերտ կապեր ունենալով նույն Արևմուտքի հետ՝ իրենց շահերն առաջ են մղում ցանկացած ազդեցիկ հարթակում։ Նույնը, ի դեպ, անում են նաև Կենտրոնական Ասիայի պետությունները։

Եվս մեկ կեղծիքի մասին։ Նիկոլը շարունակում է զազրախոսել «Խաղաղության խաչմերուկի» մասին, որն իբր ոչ թե թյուրքերի, այլ գլոբալ տնտեսության համար է։ Բա եթե դա այդպես է, ինչո՞ւ առիթից չեն օգտվել և չեն մեկնել Աստանա, չէ՞ որ Հարավային Կովկասի լոգիստիկ հիմնական շահառուներից պետք է լինեն Չինաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները։ Պատասխանը կրկին պարզ է․ Նիկոլն իրականում առաջ է մղում հենց Թուրքիայի շահերը և կարիք չի տեսնում այլ պետությունների հետ իրական աշխատանք տանելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս