
ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ:
Այս մասին ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության կազմում Հայաստան այցի շրջանակում հրավիրված ասուլիսում:
«Մենք բոլորս միասնական ենք, երբ խոսքը վերաբերում է հայ ժողովրդին աջակցելու մասին: Մեզ համար պատիվ է լինել Հայաստանում, որը տարածաշրջանում մեզ համար կարևոր գործընկեր է»,–ասաց Ուիլսոնը:
Նա նկատել է՝ Հայաստանը փորձում է ավելի մոտ գնալ Արևմուտքին, իրեն հեռու պահել Ռուսաստանի ազդեցությունից:
«Հայաստանի անկախ արտաքին քաղաքականություն վարելու ցանկությունը և Ռուսաստանի կողմից Խորհրդային միությունը վերականգնելու նկրտումները հակազդելով և պաշտպանությունն ու անվտանգային համագործակցությունը խորացնելով՝ մենք կարող ենք ապահովել, որ Հայաստանը լինի դիմակայուն արտաքին ճնշումների նկատմամբ»,–ասաց կոնգրեսականը:
Ըստ նրա՝ դա շահեկան կլինի նաև տարածաշրջանի և գլոբալ անվտանգության համար: