
ՀՀ-ում 36 ժամ ջրանջատման դեպքում սպառողը պետք է ստանա միջին վճարումների 50%-ի չափով գումար

Եթե սպառողը երեք օր ջուր չի ունենում, ապա դա համարվում է կանոնների խախտում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Այդ դեպքում ընկերությունը պետք է առնվազն համապատասխան ջրաքանակ ապահովի սպառողին, օրինակ` ցիստեռնների միջոցով։ Եթե դա չի արվում, ապա տվյալ ընկերությունը կտուգանվի»,– նշեց նա։
ՀՔԾԿ-ից Sputnik Արմենիային պարզաբանեցին, որ ջրանջատման 36 ժամը լրանալուց հետո ընկերությունը ավտոմատ փոխհատուցում է տալիս բաժանորդներին միջին վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 2500 դրամ։ Ընկերությունը տուգանվում է նաև այդ փոխհատուցումը չտրամադրելու դեպքում։
Բաղրամյանը չհերքեց, որ ամռանը ջրանջատումների դեպքերն ավելանում են, բայց գրանցվում են ոչ թե ջրանջատումներ, այլ գրաֆիկի փոփոխություն։
«Օրինակ` եթե 24 ժամ է ջրամատակարարումը, ապա այն կարող է դառնալ 19 ժամ»,– ասաց նա։
ՀՔԾԿ ղեկավարը հավելեց, որ այս պահին Երևանում 20-30 տոկոս ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի նվազում կա, քննարկվում է մայրաքաղաք լրացուցիչ ջրաքանակ բերելու հարցը։