Հիմա էլ արցախցիներին թոշակ վճարելու համար Է բյուջեում փողի խնդիր առաջացել
Արցախի մեր հայրենակիցների թոշակների վճարման համար Հայաստանի պետական բյուջեում առկա գումարը, պարզվում է, չի բավականացնում։
Առաջացած փողի խնդիրը լուծելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստիպված է նախարարության բյուջեում վերաբաշխումներ կատարել՝ արցախցիների թոշակները ժամանակին վճարելու համար։
Արցախի Հանրապետությունում ձեռք բերած աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածների համար քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձին թոշակ վճարելու համար Ֆինանսների նախարարությունը հորդորել է սոցապնախարարությանն այլ ծախսեր չիրականացնել։
Ըստ ֆիննախի՝ ՀՀ 2024թ. պետական բյուջեով սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների և աշխատանքային կենսաթոշակների վճարման համար պետք է մինչև տարեվերջ վճարվի շուրջ 3.6 մլրդ դրամ։
Բայց, քանի որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում ազատ միջոցներ առկա չեն, ընդհակառակը, առկա են մարտահրավերներ, մակրոտնտեսական ռիսկեր ու դրանց դիմակայելու համար սահմանափակ հարկաբյուջետային հնարավորություններ, ուստի Ֆինանսների նախարարությունն առաջարկել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը մինչև տարեվերջ զերծ մնալ ոչ առաջնային և հայեցողական ծախսերի գծով վերաբաշխումների նախաձեռնություններից և հատկացված միջոցները կառավարել այնպես, որ հնարավոր լինի վճարել արցախցիներին հասանելիք թոշակները։