Այդ մարդիկ պատմություն չգիտեն, վերջերս էլ իմացան Պապ թագավորի մասին. դանդաղ են առաջ գնում, երևի կհասնեն մինչև Խրիմյան Հայրիկ. Միքայել սրբազան

Հունիսի 19-ին հրավիրված ասուլիսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հստակ հայտարարել էր, որ շարժումը շարունակվում է ավելի մեծ թափով, ներքին կազմակերպչական վերադասավորումներով, որին շուտով հանրությունն ականատես կլինի։

«Ինչպես ասացի՝ հունիսի 12-ը մեզ համար ջրբաժան է եղել, և ինքս անձամբ մտածել եմ, որ այս մարդկանց համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի։ Մինչև այսօր ճնշումներ կան մարդկանց վրա, ճնշում կա նաև գործարարների վրա, այդպիսով փորձելով վախեցնել մարդկանց։ Բայց ուրախ եմ ասելու, որ ոչ ոք չի նահանջել ու չի ընկճվել, նրանք ավելի են զորացած ու պատրաստակամ են։ Այս ամենի մեղավորը մեկ մարդ է, որը նստած է Կառավարության ղեկին և որը խորքում գոյություն չունի։ Մեղավոր են նաև Ոստիկանության գլխին նստած մարդիկ, միայն պետք է արձանագրեք, որ այս ընթացքում բերման են ենթարկվել միայն քաղաքացիները, և ոչ մի ոստիկանի նկատմամբ վարույթ չկա։

Մեր պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է այս իշխանության հեռացումը, որը միայն շարժման մեկ բաղադրիչն է»,- ասել է Սրբազանը։

Բագրատ սրբազանի ասուլիսին հաջորդած երկու օրերի ընթացքում իշխանության ներկայացուցիչներն ու պատգամավորները սոցհարթակներում ակտիվ գրառումներ էին կատարում, հարցազրույցներ տալիս՝ հայտարարելով, թե՝ «վերջ, շարժումը մարեց», և չմոռանալով մեղադրել նաև Առաքելական եկեղեցուն, թե «այս շարժմամբ եկեղեցին վարկաբեկեց իր հեղինակությունը»։

Կարդացեք նաև

Շարժումը, որին միացել են հազարավոր մարդիկ, կարո՞ղ է մարել, ինչո՞վ է շարժումը վարկաբեկել Առաքելական եկեղեցուն։

168.am-ի հետ զրույցում  Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ որ այդ բոլոր հարցերի պատասխանները Բագրատ սրբազանը տվել է, եթե նա ասել է, որ շարժումը չի մարել և նոր թափով է շարունակվելու, ուրեմն՝ այդպես է լինելու։

«Ինչ վերաբերում է Առաքելական եկեղեցուն ուղղված քննադատություններին, դրանք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, ավելին՝ հակառակ էֆեկտն են ունենում։ Թող շարժման համատեքստում քննադատեն Առաքելական եկեղեցուն, ի՞նչ պետք է դրանով անեն եկեղեցուն, ոչինչ, միայն եկեղեցու հեղինակությունն ավելի են բարձրացնելու»,- նշեց Միքայել սրբազանը
Տավուշի թեմի առաջնորդի գնահատմամբ՝ իշխանությունները պարզապես պատմություն, այդ թվում՝ եկեղեցու պատմություն չգիտեն, այդ պատճառով էլ եկեղեցականներին անվանում են կղերաֆեոդալականներ. պարզապես ծիծաղելի է։

«Այդ մարդիկ միայն իրենց կենսագրությունը գիտեն, վերջես իմացան նաև Պապ թագավորի մասին։ Դե, երևի մի քանի էջ կարդում են, ուղղակի դանդաղ են առաջ գնում, երևի կհասնեն մինչև Խրիմյան Հայրիկ ու կանգ կառնեն»,- հեգնեց Միքայել սրբազանը։

Տեսանյութեր

Լրահոս