«Այս իշխանության հեռացումը մեր պայքարի միայն մեկ բաղադրիչն է». Բագրատ սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում  նախ ներածական խոսքով ներկայացրեց շարժման ընթացքի մասին որոշ տեղեկություններ։

Շնորհակալություն հայտնելով ԶԼՄ ներկայացուցիչներին շարժման մեկնարկից ի վեր հանրությանը իրազեկելու համար, մասնավորապես,  շեշտեց, որ հունիսի 12-ին տեղի ունեցածի՝ ոստիկանների գործադրած բիրտ ուժի հետևանքով՝  տուժել են նաև լրագրողները, և հայտնեց իր աջակցությունը։

«Հունիսի 12-ն այն ջրբաժանն էր, նաև այն մտորումների առիթը, որ առաջին հերթին այսօրվա, այլևս ոչ մի լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, միայն իր իշխանությունը, աթոռը պահպանելու կոչված մի փոքրիկ խումբ է, որը պատրաստ է գնալ ամեն ինչի։ Այդ ամենի վկայությունն էր հունիսի 12-ը, որի արձանագրումով մենք մտել ենք պայքարի վերադասավորումների փուլը։ Ավելի ներառական և ավելի ընդգրկուն է շարժումը դառնալու, բովանդակությունը նույնն է մնալու։ Այս պայքարը ծնվել է ապօրինի, հանցագործ իրականությունից՝ Տավուշի շրջանում Կիրանց և Ոսկեպար գյուղերի նկատմամբ տեղի ունեցած հարձակումն է, որի արդյունքում տեղի է ունեցել բոլոր օրենքներին հակառակ, հակասահմանադրական, միջազգային սկզբունքներին հակառակ գործընթաց։ Ըստ էության դա ո՛չ սահմանազատում է եղել, ո՛չ էլ սահմանագծում, որը նույնությամբ շարունակվում է, պարզապես եղել է հայրենիքի հանձնում՝ հարկադրանքի ու ճնշումների ներքո»,- նշեց Բագրատ սրբազանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ շարժումն ընդդեմ ստի է, և որքան այդ ստի ծավալը մեծանում է, հայրենիքն այնքան փոքրանում է։

Կարդացեք նաև

Սրբազանն ընդգծեց՝ շարժումը շարունակվում է ավելի մեծ թափով, ներքին կազմակերպչական վերադասավորումներով, որին շուտով հանրությունն ականատես կլինի։

«Ինչպես ասացի՝ հունիսի 12-ը մեզ համար ջրբաժան է եղել, և ինքս անձամբ մտածել եմ, որ այս մարդկանց համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի։ Մինչև այսօր ճնշումներ կան մարդկանց վրա, ճնշում կա նաև գործարարների վրա, այդպիսով փորձելով վախեցնել մարդկանց։ Բայց ուրախ եմ ասելու, որ ոչ ոք չի նահանջել ու չի ընկճվել, նրանք ավելի են զորացած ու պատրաստակամ են։ Այս ամենի մեղավորը մեկ մարդ է, որը նստած է Կառավարության ղեկին և որը խորքում գոյություն չունի։ Մեղավոր են նաև Ոստիկանության գլխին նստած մարդիկ, միայն պետք է արձանագրեք, որ այս ընթացքում բերման են ենթարկվել միայն քաղաքացիները, և ոչ մի ոստիկանի նկատմամբ վարույթ չկա։

Մեր պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է այս իշխանության հեռացումը, որը միայն շարժման մեկ բաղադրիչն է»,- շեշտեց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս