
ՀՀ կառավարությանը կոչ է արվել չորս ամսվա ընթացքում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե

Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի Անի Պլազա հյուրանոցում Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի հարթակը անցկացրել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին նվիրված ֆորում։ Միջոցառմանը մասնակցել են ժողովրդավարական արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և Հայաստանի քաղաքացիական հասարակության այլ առաջնորդներ և ներկայացուցիչներ: Համաժողովին ներկա են եղել նաև Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Ստորեւ՝ ֆորումի մասին հաղորդագրությունը, որը տարածել է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի լրատվական ծառայությունը։ Մասնակիցները կարևորել են Հայաստանի՝ եվրոպական ազգերի ընտանիքին միանալու անհրաժեշտությունը, քանի որ դա Հայաստանի ժողովրդի համար կապահովի անվտանգության և բարգավաճման ավելի բարձր մակարդակ և կբարելավի մարդու և քաղաքական իրավունքները Հայաստանում:
Մասնակիցները նաև քննարկել են ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ Հայաստանի քաղհասարակության, բիզնեսների և անհատ քաղաքացիների կողմից լուրջ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի երկիրը հասնի և պահպանի եվրոպական չափանիշները մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության, կառավարման, տնտեսության, հարկման, կանանց և փոքրամասնությունների իրավունքների։ Շահագրգիռ քննարկումներից հետո մասնակիցները ստորագրել են մի բանաձև, որով Հայաստանի կառավարությանը կոչ է արվել համաժողովի անցկացման օրվանից չորս ամսվա ընթացքում անցկացնել Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցելու հանրաքվե: