ՆԱՏՕ-ին անհանգստացնում է Ռուսաստանի հնարավոր աջակցությունը ԿԺԴՀ-ի հրթիռային և միջուկային ծրագրերին․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ին մտահոգում է այն, որ Ռուսաստանը կարող է օգնել Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Փհենյան այցից հետո: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Օտտավայում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպումից առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ։
«Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի պատերազմում Հյուսիսային Կորեան հսկայական քանակությամբ զինամթերք է տրամադրել… Իհարկե, դրա դիմաց Ռուսաստանն ինչ-որ բան է տալիս Հյուսիսային Կորեային, և մենք խորապես մտահոգված ենք, որ կա հնարավորություն, որ Ռուսաստանն այժմ աջակցություն է տրամադրում նրանց միջուկային և հրթիռային ծրագրերին», – ասել է Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նշել է, որ պաշտպանության ոլորտում Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև կնքված համաձայնագիրը ցույց է տալիս «ավտորիտար երկրների» միջև համախմբվածությունը, հետևաբար, կարևոր է, որ ժողովրդավարական երկրները հանդես գան միասնական ճակատով։
Ստոլտենբերգը կրկնել է իր քննադատությունը Չինաստանի հասցեին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար։