Բաժիններ՝

Ստոլտենբերգը մեկնում է ԱՄՆ և Կանադա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 17-ին սկսում է շրջագայությունը Հյուսիսային Ամերիկա. նա կայցելի Միացյալ Նահանգներ և Կանադա: Այս մասին հաղորդել է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի մամուլի ծառայությունը:

Շրջագայությունը կսկսվի Վաշինգտոնից, որտեղ ՆԱՏՕ-ի ղեկավարը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ստոլտենբերգը նաև հանդես կգա ելույթով և Վիլսոնի անվան միջազգային գիտական կենտրոնում կպատասխանի հարցերին։

Հունիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։

Ստոլտենբերգը հունիսի 19-ին կմեկնի Կանադայի մայրաքաղաք Օտտավա, որտեղ կհանդիպի այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Կանադայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կհանձնվի Լուի Սեն Լորանի մրցանակ. նա նաև ելույթ կունենա և կպատասխանի ունկնդիրների հարցերին։

Հունիսի 20-ին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ջեյք Սալիվանի և կոնգրեսականների հետ։

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը վերջինն է Ստոլտենբերգի կարիերայում դաշինքի ղեկավարի պաշտոնում: ԱՄՆ և Կանադա այցերի օրակարգը կապված է ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովի և Ուկրաինային ցուցաբերվող օգնության ավելացման հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս