«Իշխանությունը հոգեվարքի մեջ է, այս մարդիկ իրենք իրենցից վախեցած են». Միհրան Մախսուդյան

Երեկ Երևանում ոստիկանների կողմից «ուժեղացված հսկողություն» իրականացնելու գործողության շրջանակներում ոստիկանության Տավուշի բաժին էր հրավիրվել նաև Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ոստիկանական բաժանմունքում բոլորն էլ իրեն ճանաչում են, զրուցել են, որից հետո վերադարձել է տուն, որևէ կարգավիճակ չունի։

«Իշխանությունը հոգեվարքի մեջ է, սրա համար են բոլորին, այդ թվում՝ ինձ, հրավիրել ոստիկանություն։ Իշխանության այս գործողություններն ինձ չեն լռեցնելու, ինչպես խոսել եմ նախկինում, կխոսեմ նաև հիմա։ Այս մարդիկ իրենք իրենցից վախեցած են, որովհետև ինքս որևէ բան չեմ արել, հանգիստ ինձ համար տանն էի»,- նշեց Միհրան Մախսուդյանը։

Ըստ նրա, իշխանության այս գործողությունները փորձ է լռեցնելու ընդդիմադիր հայացք ունեցող անձանց։

Կարդացեք նաև

«Բոլորդ տեսաք, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց Թուրքիա, Հայաստանում տեղի ունեցան այս խուզարկությունները, մարդկանց բերման ենթարկելը։ Այդ մարդը Թուրքիային հաճոյանալու խնդիր ուներ, փորձեց այս կերպ անել։ Ինքը որոշել է Հայաստանում Էրդողանի ու Ալիևի քաղաքականությունն իրականացնել՝ բանտարկել ընդդիմադիր հայացք ունեցող անձանց, ինչպես անում են այդ երկրներում այն մարդկանց հետ, որոնք փորձում են քննադատել իշխանությունների քաղաքականությունը»,- նշեց Միհրան Մախսուդյանը։

Նշենք, որ երեկ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։

Նաև հավելել էին, որ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։

Հիշեցնենք, որ երեկ Սրբազան պայքարը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ու ձերբակալել պայքարի մի խումբ կողմնակիցների։

ՀՅԴ-ն նույնպես հայտարարություն էր տարածել, որ կուսակցության մարզային կառույցներում իրավապահները խուզարկություն են կատարում։

Երեկ ոստիկանություն էր հրավիրվել նաև Արցախի ԱԺ պատգմավոր Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս