«Թուրքական ռեժիմը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրություն չունի». թուրք լրագրող
Ermenihaber.am-ը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Այս անգամ կայքի զրուցակիցը թուրք լրագրող, գրող, մեդիաքննադատ, թարգմանիչ Ռաջըփ Դուրանն է։ Նա ծնվել է 1954 թվականին Ստամբուլում։ Դուրանը 1973թ. ավարտել է Գալաթասարայի վարժարանը, ապա իրավաբանական կրթություն ստացել Ֆրանսիայում։ Նա լրագրություն է սովորել Փարիզի CFPJ և Հարվարդի Նիման լրագրողական դպրոցներում։ Թղթակցել է թուրքական ընդդիմադիր «Aydınlık», «Hürriyet», «Özgür Gündem», «Cumhuriyet» թերթերին, ինչպես նաև հայտնի AFP և BBC լրատվական գործակալություններին։
Նրա հոդվածները հրապարակվում են թուրքական ընդդիմադիր տարբեր լրատվամիջոցներում։ Մեդիաքննադատության ոլորտի վերաբերյալ 3 գիրք է հեղինակել։
– Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց սկսվեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։
– Անկարան 22 տարի շարունակ հակասական, անվստահելի և ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում որոշ տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում։ Երբ դիտարկում ենք պատմության տեսանկյունից, հայատյացությունը թուրքական պետության ԴՆԹ-ում է եղել Միության և առաջադիմութուն կոմիտեի (երիտթուրքեր-խմբ․) ժամանակաշրջանից։ Բացի այդ, քանի որ Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորումը ոչ մի օգուտ չի բերելու գործող ռեժիմին, իմ կարծիքով, իրատեսական մոտեցում չէ ակնկալել, որ հարաբերությունները կտեղափոխվեն բարիդրացիության և բարեկամության հիմքի վրա։
Եթե հաշվի առնենք այն, որ 2010-ին ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում Անկարան քաղաքական և ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Բաքվի կողմից Արցախի վրա հարձակվելու գործում, կարող ենք հասկանալ, որ թուրքական ռեժիմը չունի այնպիսի մտադրություն, ինչպիսին Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն է։
– Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի արվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել էր․ «Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»։
– Ոչ միայն Թուրքիան, այլև շատ երկրներ հաճախ հետևողական չեն գործում դիվանագիտական դիսկուրսում, այսինքն կոնկրետ քայլերի և նախաձեռնությունների առումով, որոնք ձեռնարկվում են կամ պետք է ձեռնարկվեն։ Անկարան ժամանակ առ ժամանակ, հատկապես ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի պահանջներին համահունչ, հազվադեպ է դրական հայտարարություններ անում արտաքին քաղաքականության, մասնավորապես Երևանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Սակայն, թերևս, նախ պետք է դիտարկել դրական քայլերի դրական ազդակները, որոնք կարելի է անել դիվանագիտական դաշտում ներքաղաքական կյանքում։ Լինի դա 1915-ի ցեղասպանությունը, Հրանտ Դինքի մարդասպանների դատավարությունը, թե հայկական հիմնադրամների ունեցվածքի հարցը… վարչակարգը վերջերս նման հարցերի շուրջ որևէ խոստումնալից զարգացումների առաջամարտիկ չի եղել: Այնուամենայնիվ, պետք է դիտարկել այն դրական քայլերը, որոնք հնարավոր է իրականացվեն դիվանագիտական դաշտում, և միգուցե առաջին հերթին դրական ազդակները՝ ներքաղաքական կյանքում։ Լինի դա 1915-ի ցեղասպանությունը, Հրանտ Դինքի մարդասպանների դատավարությունը, թե հայկական հիմնադրամների ունեցվածքի հարցը… ռեժիմը (թուրքական-խմբ․) վերջերս նման հարցերի շուրջ որևէ հուսադրող զարգացման առաջամարտիկ չի եղել:
Փորձելով լարախաղացի պես առաջ գնալ միջազգային ասպարեզում՝ Անկարան իրականում չի կարող վստահելի, հուսալի և գոհացուցիչ հարաբերություններ հաստատել այնպիսի որոշիչ ուժերի հետ, ինչպիսիք են Վաշինգտոնը, Մոսկվան և Բրյուսելը: Այդպիսի դիրքում գտնվող պետությունն այն վիճակում չէ, որ կարողանա իրականացնել այնպիսի նախաձեռնություն, որը հավանության չի արժանանա Ադրբեջանի կողմից, որն արտաքին աշխարհում նրա գրեթե միակ դաշնակիցն է։ Բացի այդ, Անկարայի ռեժիմը, որը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, նախկինի համեմատ ավելի կախված է Բաքվի վարչակազմից։ Հիշենք նաև, որ հատուկ ներկայացուցիչ Քըլըչը դիվանագետ է, ով Վաշինգտոնում իր դեսպան եղած ժամանակ ձեռնարկել է նախաձեռնություններ, որոնք վերաբերում են նաև ամերիկյան դատարանին։
– Հայաստանը դրական արձագանքեց նաև Քըլըչի՝ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկին։ Ո՞րն է Թուրքիայի կամ Հայաստանի որևէ քաղաքում անցկացվելիք հանդիպման իմաստը և ինչո՞վ կարող է այն տարբերվել երրորդ երկրում անցկացվող հանդիպումներից:
– Երկու մայրաքաղաքների միջև վստահության ամրապնդման (դեռևս ոչ թե վստահության բարձրացման) միջոցառումներ իրականացնելու համար, կարծում եմ, դիվանագիտական և քաղաքական առումով ավելի շահեկան կլիներ հանդիպումներն անցկացնել Անկարայում և Երևանում կամ երկու երկրների տարբեր քաղաքներում։ Այդուհանդերձ ամեվավերջինը դա ականատես եղանք նաև Անկարա-Աթենք հարաբերությունների ժամանակ. թուրքական ռեժիմը հաճախ չի կատարում սեղանի շուրջ համաձայնեցված հարցերը։ Այդ իսկ պատճառով, եթե նույնիսկ տեսականորեն դրական զարգացում լինի ու եթե Անկարան հայերի հարցում շատ դժկամաբար վերաբերվի՝ ի նպաստ խաղաղության և բարեկամության, ապա չպետք է զարմանալ։ Հարկ է հավելել. արևմտաեվրոպական որոշ մայրաքաղաքների՝ Էրդողանին զսպելու քաղաքականությունը ոչ մի դրական արդյունք չի տվել։
– Ինչպե՞ս է Թուրքիայի քրդական համայնքը վերաբերվում Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորմանը: Քուրդ քաղաքական գործիչներն ու փորձագետները սատարո՞ւմ են այս գործընթացին:
– Այն քուրդ քաղաքական գործիչները, որոնց հետ ես շփվում եմ, ներկայումս զբաղված են ռեժիմի կողմից ընտրված քաղաքապետերին փոխարինող դրածոների նշանակման, քրդերենի նկատմամբ ոտնձգությունների և քրդերի իրավունքները պաշտպանող քաղաքացիների ապօրինի ձերբակալությունների, դատավարությունների և անտարկությունների հարցերով: Երբ Հայկական հարցի թեման է բացվում, քուրդ քաղաքական գործիչների մտքով առաջինը գալիս է Սաքալլը Նուրեթթին փաշայի «Զո…Լո…» մեջբերումը (Նշենք, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում սկիզբ առած քեմալական շարժման ժամանակ «Զո» անվանում էին հայերին, իսկ «Լո»՝ քրդերին։ 1921թ․ Քոչգիրի ապստամբության ճնշման ժամանակ Սաքալլը Նուրեթթին փաշան ասել է․ «Զո ասողներին արմատախիլ ենք արել, հիմա հերթը Լո ասողներինն է»- խմբ․)։
Քրդական հարցը (1925թ.) և Հայկական հարցը (1915թ.) երկու խնդիրներ են, որոնք թուրքական պետությունը երկար ժամանակ չի կարողանում լուծել և իրականում չի էլ ցանկանում լուծել։ Անկասկած, եթե երկու խնդիրներից մեկում դրական տեղաշարժ լինի, ապա դա կարող է դրականորեն ազդել մյուս խնդրի վրա։ Թեև առայժմ երկու հարցում էլ հորիզոնում չի երևում որևէ հուսադրող տեղաշարժ։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.
1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսության նկատմամբ։
2. Ներկայացնել մեր լսարանին՝ Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
ԷԼԵՆ ՔՈՔՉՅԱՆ