«Չմեկնաբանես իմ խոսակցությունը». Արթուր Խաչատրյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Այսօր ԱԺ քառօրյան մեկնարկեց ՔՊ-ականների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև ծավալված բանավեճով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արծվիկ Մինասյանին հորդորեց նստած տեղից ձեռքով չխոսել՝ ասելով, թե Բաղրամյան փողոցում չէ։ Երբ Ալեն Սիմոնյանին հակադարձեց Լիլիթ Գալստյանը, ԱԺ նախագահը հակադարձեց.

«Տիկին Գալստյան, զսպեք ձեզ, սա փողոց չէ, սա ԱԺ-ն է»։

Արդեն ամբիոնից Արթուր Խաչատրյանն արձագանքեց Ալեն Սիմոնյանի ասածներին։

«Անկասկած, սա փողոց չէ, դրա համար էլ կարծում եմ՝ փողոցային դրսևորումները պետք է կանխել, զազրանք և զզվանք է առաջացնում»,- շեշտեց Արթուր Խաչատրյանը և անցավ բուն ելույթի թեմային։

Կարդացեք նաև

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ՀՀ օրվա իշխանությունը «բստրել» է երկու մեգա սուտ և փորձում է հրամցնել։

«Սուտ -1՝ ինչ տեղի է ունենում, դրսից ֆինանսավորված է։ Իրենց նշանակած Գլխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա՞, ասում է՝ չկա։ Քննչական կոմիտեի նախագահին հարցնում ես՝ ասում է՝ չկա։ Անվտանգության մարմինները ձեն-ձուն չեն հանում, որովհետև, եթե դրսից ֆինանսավորում կա, այդ մարդիկ պետք է պատասխան տան։ Ստերի մասին եք խոսում, այդ ստերը հիմնավորող մի բան բերեք։ Ասեք՝ դրսից մի կոպեկ է ստացվել, մենք էլ ասենք՝ բա որ Սախալինից ձեր հեղափոխության վրա փող էր գալիս, բա դրա մասի՞ն ինչ կասեք, թե՞ մոռացել եք, թե՞ փորձում եք ձեր դրսից ֆինանսավորումն ուրիշների վրա փաթաթել։ Չգիտե՞ք, բա ձեր ղեկավարի հայտարարությունները լսեք՝ 2018 թվականի հուլիսի 27, թիվն էլ է ասել, բայց դա էլ դուք կարդացեք, ես հո ձեր փոխարեն տնայինը չե՞մ անելու։

Գաղտնալսումները, որ լսում եք, որտեղի՞ց եք լսում, ԱԱԾ-ն գալիս՝ ձեզ դրա մասին ասո՞ւմ է, ԱԱԾ-ն բրնձի մասին է հրապարակե՞լ։ Վննամանի մասին էլ է հրապարակել, բա այդ ստի տակից ո՞նց եք դուրս գալու»,- շեշտեց նա։

Արթուր Խաչատրյանի ելույթը տեղից ընդհատեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ինչին ի պատասխան՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ բավական է մրցակցեն, թե ով է ավելի լավ մեկնաբան։

«Պարոն Քոչարյան, հերիք է, Նիկոլայ Օզերովի փառքը ձեզ հանգիստ չի տալիս, հանգիստ նստեք տեղներդ։ Ուրեմն էլ իմ խոսակցությունը չմեկնաբանես, իյա, ֆուտբոլային մեկնաբանը նստել անընդհատ խոսում է»,- ասաց  Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը ցանկանում էր ելույթը շարունակել, սակայն ԱԺ նախագահի կոչով ամբիոնի բարձրախոսն անջատեցին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս