«Մակրոնի կարևոր քայլը, Փաշինյանն այլընտրանք չունի». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մակրոնի կարևոր քայլը, Փաշինյանն այլընտրանք չունի.

Մինչ Հայաստանում ներքաղաքական լարվածությունը հասնում է գագաթնակետին, ճգնաժամը հաղթահարելու նախադեպ է ստեղծվում Ֆրանսիայում:

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթանակ է տարել «Ազգային միավորում» ուլտրաաջ կուսակցությունը:

Սա Ֆրանսիայում հաստատված ներքաղաքական ստատուս-քվոնի խախտում է, պատահական չէ, որ Մարին Լը Պենի կուսակցությունը պահանջեց խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Ֆրանսիան իրապես դեմոկրատական երկիր է, և Մակրոնն արդեն հաշվի է նստել նոր իրողությունների հետ և հայտարարել է Ազգային ժողովի արձակման մասին. արտահերթ ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին:

Երևանի ավագանու անցած տարվա ընտրությունները փոխել են Հայաստանի ներքաղաքական կյանքում հաստատված ստատուս-քվոն, որը հետևանք էր 2021-ի ընտրությունների:

Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար քաղաքական ռացիոնալություն, նա այդ ընտրություններից անմիջապես հետո կհայտարարեր ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, մանավանդ, որ, ի տարբերություն Մակրոնի, ձախողել է կառավարության ծրագիրը:

Բայց նա գերադասեց իշխանության ճգնաժամը, ինչն այս օրերին ծավալվող շարժման երկու հիմնական պատճառներից մեկն է:

Եթե անգամ իմփիչմենթի գործընթացը ձախողվի, դա չի վերացնելու իշխանության ճգնաժամը:

Միակ ելքը ԱԺ արտահերթ ընտրություններն են:

Այս հարցում, իհարկե, իշխանությանը մանևրից պետք է զրկի նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ մանդատները վայր դնելով խորացնելով իշխանության ճգնաժամը»:

Տեսանյութեր

Լրահոս