Բաժիններ՝

Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Հերոսների հրապարակում, տեղի է ունեցել զանգվածային հակակառավարական ցույց, որը համընկել է Եվրախորհրդարանի ընտրությունների հետ։ Այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել ընդդիմադիր «Հարգանք և ազատություն» կուսակցության առաջնորդ, կառավարության նախկին պաշտոնյա Փիթեր Մագյարի կոչով։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Հունգարիայի իր թղթակցին։

Վերջինս հաղորդել է, որ ցույցի ընթացքում հնչել են երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած կառավարության հրաժարականի պահանջներ և կարգախոսներ՝ ի պաշտպանություն Մագյարի, ով իրեն համարում է կենտրոնամետ՝ հայտարարելով, որ ինքը «ոչ ձախ է, ոչ աջ»։

Ռուսական գործակալության թղթակցի պնդմամբ՝ Մագյարի «Հարգանք և ազատություն» կուսակցությունը, որը դարձել է նոր քաղաքական ուժ, իր նախընտրական քարոզարշավը հիմնում է հիմնականում իշխանության կոռուպցիայի մեղադրանքների և պոպուլիստական ​​խոստումների վրա, սակայն ընտրողների շրջանում ունի բազմաթիվ համախոհներ։

Նշվում է, որ ցույցի անցկացումը թույլ են տվել քաղաքային իշխանությունները, ոստիկանությունը պահպանել է կարգուկանոնը։ Այնտեղ եկել են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ երիտասարդներ։

Իշխող «Ֆիդես-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունն իր նախընտրական միջոցառումներն անցկացրել է հունիսի 1-ին՝ Խաղաղության երթ և հանրահավաք Բուդապեշտի Դանուբ Մարգարետ կղզում, որին, ըստ պահպանողական գնահատականների՝ մասնակցել է առնվազն 200 հազար մարդ։

Հունգարիայում հունիսի 9-ին՝ մեկ օրվա ընթացքում, տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրություններ, և լռություն չի սահմանվի։ Մրցարշավին մասնակցում է 11 քաղաքական կուսակցություն և կուսակցությունների կոալիցիաներ՝ առաջադրելով իրենց թեկնածուներին Եվրախորհրդարանի 21 պատգամավորական մանդատի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս