Իրանը և Հնդկաստանը համատեղ կաշխատեն՝ ընդլայնելու երկկողմ կապերը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Իրանը և Հնդկաստանը կշարունակեն երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդման համատեղ աշխատանքը:
Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հղած ուղերձում Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման կոչ է արել։
Հաղորդվում է, որ Իրանի նախագահի պաշտոնակատարը շնորհավորել է Մոդիի կուսակցությանը Հնդկաստանի համընդհանուր ընտրություններում հաղթանակի համար։
«Մոխբերն ընդգծել է, որ Մոդիի ղեկավարությամբ և առաջնորդությամբ Հնդկաստանը դարձել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր գործընկերներից մեկը»,-նշել է նա՝ հույս հայտնելով, որ երկու պետությունների վճռականության շնորհիվ Թեհրանը և Դելին կդառնան հարաբերությունների էլ ավելի բարելավման վկաները։
Հնդկաստանի վարչապետ Մոդին, իր հերթին, նամակ է ուղարկել Մոխբերին և շնորհակալություն հայտնել շնորհավորական ուղերձի համար։
«Իրանը և Հնդկաստանը կշարունակեն երկկողմ հարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդման համատեղ աշխատանքը»,-ասել է Մոդին։
Հնդկաստանում յոթ փուլից բաղկացած ընտրությունները, որոնք աշխարհում ամենախոշորն էին, սկսվել էին ապրիլի 19-ին և եզրափակվել են հունիսի 4-ին։ Ընտրությունների արդյունքներով «Ազգային դեմոկրատական դաշինքը» (NDA–National Democratic Alliance)՝ վարչապետ Նարենդրա Մոդիի «Հնդկաստանի ժողովրդական կուսակցության» (BJP– Bharatiya Janata Party) գլխավորությամբ, ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի տեղերի կեսից ավելին։ Վերջին տվյալների համաձայն՝ Մոդիի կոալիցիան ստացել է 298 տեղ խորհրդարանի 543-տեղանոց ստորին պալատում՝ Լոկ Սաբհայում։ Ընդդիմադիր I.N.D.I.A. (Indian National Developmental Inclusive Alliance-«Հնդկաստանի զարգացման ազգային ներառական դաշինք») կոալիցիան, որը ներառում է 28 կուսակցություն, վերջին տվյալներով ունի 225 տեղ։