Բաժիններ՝

«Սուտի քաղաքական գործիչներ, բացե՛ք այդ նախարարությունը. Գյուղացուն թողել են մենակ ու ուզում են գյուղատնտեսություն զարգացնել». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ գյուղատնտեսության առումով գարնան մեկնարկը վատը չէ, ջրամբարները սկսել են լցվել, որը մեծ նշանակություն ունի ՀՀ-ում ոլորտի համար։

«Բնությունն իր գործն անում է, մնում է ոլորտի պատասխանատուներն էլ իրենց գործն անեն, քանի որ խնդիրները շատ են։ Կարծում եմ՝ ցանքատարածությունները կպակասեն, քանի որ սերմացուի խնդիր կա՝ ինչպես միշտ, ՀՀ կառավարությունը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել ու ֆինանսներն ուղղեց ոչ թե անմիջապես գյուղացուն, այլ սերմ ներկրողներին։ Խոսքս վերաբերում է ցորենին ու առհասարակ հացազգիների ցանքատարածություններին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը։

Նա ընդգծեց՝ եթե կառավարությունը ցանկանում է գյուղատնտեսությունը զարգացնել, ապա պետք է գյուղացու կողքին լինի, գումարը նրան տա, որպեսզի նա իր սերմացուն ձեռք բերի այն չափով ու գնով, որով ցանկանում է։

«Մենք մեր ֆերմերներին Եվրոպայից շուրջ 500 տոննա տնկանյութ ենք տրամադրելու, նրանք կստանան նաև սերմացու։ Մենք մեր մասով աշխատում ենք, փորձում օգտակար լինել նրանց, Կառավարությունն էլ իր հերթին՝ պետք է աշխատի, թե չէ գյուղացուն թողել են մեն մենակ ու ուզում են գյուղատնտեսություն զարգացնել»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Ըստ Հրաչ Բերբերյանի, որքան էլ զարմանալի է, բայց ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հայ-իրանական հարաբերություններին։

«Գյուղատնտեսական խոշոր ծրագրեր կան, որոնցից Հայաստանը կարող է օգտվել, եթե նորմալ դիվանագիտություն աշխատեցնի։ Իրանում սկզբունք կա, որ պետությունն աշխատի պետության հետ։ Մեկ տարի առաջ եմ եղել Իրանում, ծանոթացել եմ նրանց ծրագրերին, սերմացուներին, նույնիսկ իրենց գյուղատնտեսական տեխնիկային, բայց նրանք անհատների հետ հակված չեն համագործակցել, ուզում են ուղիղ գործ ունենալ պետության հետ։

Օրինակ, եթե մեզ պետք է 30.000 տոննա ամոնիակային պարարտանյութ, մենք պետք է գնանք պետական պայմանագրերի ճանապարհով ու դրանք Հայաստան բերենք ավելի էժան գներով, որ մեր գյուղացին կարողանա օգտվել։

Չզարմանաք, բայց Իրանի տրակտորներն ավելի որակով են, քան նույնիսկ բելառուսականները, նույնիսկ գերազանցում են բելառուսականներին։

Հաջորդ տարի ռուսական շուկան կարող է ունենալ կարտոֆիլի լուրջ դեֆիցիտ, մենք կկարողանա՞նք այդ շուկան գրավել, իհարկե կկարողանանք, եթե կառավարությունը քնից արթնանա։

Կներեք, էլի, բայց Էկոնոմիկայի նախարարությունը կոորդինացնող նախարարություն է, ոչ թե գյուղատնտեսության։ Մեր դժբախտությունը գալիս է հենց սրանից, որ նախարարությունը փակեցին, գոնե այդ նախարարությունը բացեք, սուտի քաղաքական գործիչներ, ես իմ համար չեմ ասում, ժողովրդի համար եմ ասում։ Բացե՛ք այդ նախարարությունը, որ մարդիկ իմանան՝ գոնե իրենց հոգսերի համար ում են դիմելու»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը։

Տեսանյութեր

Լրահոս