Իրանը հայտարարել է ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատումը շարունակելու մասին
Թեհրանը շարունակում է կրճատել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) նախատեսված պայմանների կատարման պարտավորությունները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամիին։
«ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածի հիման վրա՝ կողմերի՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում Իրանն օրինական իրավունք ունի պատասխանելու հայելաբար և կրճատելու պարտավորությունները, և այժմ մենք գտնվում ենք այդ պարտավորությունների կրճատման փուլում», – ասել է նա։
Ինչպես նշել է ԻԱԷԿ-ի ղեկավարը, պայմանագրում նախատեսված են պարտավորություններ, որոնք կողմերը չեն կատարել։
«Միացյալ Նահանգները դուրս է եկել գործարքից, բայց միևնույն ժամանակ մյուս երկրներին թույլ չի տալիս համագործակցել մեզ հետ», – հավելել է նա։
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն Իրանի հետ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակը և Գերմանիան 2015 թվականին՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ-ն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք՝ 2018 թվականին միակողմանիորեն դուրս է եկել պայմանագրից։
ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է Վաշինգտոնը միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ 2021 թվականի ապրիլից միջուկային գործարքի կողմերը Վիեննայում բանակցություններ են վարել Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ, սակայն մի քանի փուլերից հետո՝ 2022 թվականի նոյեմբերին, բանակցությունները փակուղի են մտել։