Մոդիի կոալիցիան ստացել է տեղերի մեծամասնությունը Հնդկաստանի խորհրդարանում
«Ազգային դեմոկրատական դաշինքը» (NDA – National Democratic Alliance)՝ վարչապետ Նարենդրա Մոդիի «Հնդկաստանի ժողովրդական կուսակցության» (BJP – Bharatiya Janata Party) գլխավորությամբ, ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի տեղերի կեսից ավելին։
Այդ մասին են վկայում NDTV պարբերականի կողմից հրապարակվող պաշտոնական արդյունքները, որոնք հիմնված են ընտրատարածքներից ստացվող թարմացվող տվյալների վրա։
Վերջին տվյալների համաձայն՝ Մոդիի կոալիցիան ստացել է 298 տեղ խորհրդարանի 543-տեղանոց ստորին պալատում՝ Լոկ Սաբհայում։
Ընդդիմադիր I.N.D.I.A. (Indian National Developmental Inclusive Alliance – «Հնդկաստանի զարգացման ազգային ներառական դաշինք») կոալիցիան, որը ներառում է 28 կուսակցություն, վերջին տվյալներով ունի 225 տեղ։
Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը մամուլի ասուլիսում նշել է, որ կայացած ընտրությունների վերաբերյալ տվյալները շարունակում են ստացվել տարբեր նահանգներից։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել բոլոր ձայների հաշվարկին ու հաստատմանը։ Վերջնական պաշտոնական տվյալները կներկայացվեն մինչև օրվա վերջը։
Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ Մոդիի կոալիցիան արդեն ապահովել է իր հաղթանակը, թեև խորհրդարանում չի ստացել նախատեսված 400 տեղերը և կարող է նույնիսկ չկրկնել հինգ տարվա առաջ գրանցած արդյունքը։ 2019 թվականի ընտրություններում NDA-ը Լոկ Սաբհայում ստացել էր 353 տեղ։ Ամեն դեպքում, նախնական տվյալները վկայում են այն մասին, որ Մոդին այժմ կկարողանա երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնել վարչապետի պաշտոնը։
Հնդկաստանի ընդդիմությունը ցուցաբերել է շատ ավելի լավ արդյունքներ, քան կանխատեսվում էր:
Հնդկաստանում յոթ փուլից բաղկացած ընտրությունները, որոնք աշխարհում ամենախոշորն էին, սկսվել էին ապրիլի 19-ին։