Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել ընտրություններում

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը գրանցվել է արտահերթ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար, հայտնում է Tasnim գործակալությունը:

Ահմադինեջադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն է։ Նա ընտրվել է 2005-ին և պաշտոնավարել մինչ 2013-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում հինգշաբթի սկսվել է հնգօրյա գրանցման շրջան նրանց համար, ովքեր մտադիր են թեկնածություն առաջադրել հունիսի 28-ին նշանակված նախագահական ընտրություններում։

Թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 3-ին։ Հունիսի 4-ից հունիսի 10-ն Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կուսումնասիրի յուրաքանչյուր գրանցողի համապատասխանությունն անհրաժեշտ պահանջներին:

Մասնավորապես, քվեարկելու համար կարող են գրանցվել 40-ից 75 տարեկան մարդիկ, որոնք ունեն առնվազն մագիստրոսի կոչում։ Այն բանից հետո, երբ խորհուրդը կքննարկի դիմումները, Իրանի ներքին գործերի նախարարությունը հունիսի 11-ին կհայտարարի հաստատված թեկնածուներին, որին կհաջորդի նախընտրական քարոզարշավը, որը, իր հերթին, կտևի մինչև հունիսի 26-ը:

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։

Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ավիաաղետի հետևանքով, ինչից հետո հայտարարվել է նոր ընտրություններ անցկացնելու որոշման մասին:

Տեսանյութեր

Լրահոս