
Ճղճիմության ինչպիսի դրսևորում. հեռացրել են Ամենայն Հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր Վեհափառ Հայրապետի ու հոգևոր դասի նկատմամբ իշխանությունների դրսևորած վերջին խայտառակ վարքագծին: Նա նախ արձանագրել է, որ «ոստիկանական ուժի վրա հիմնված իշխանությունը փլուզման շեմին է», ապա նաև լուսանկարով տեղեկացրել. «Փոքրոգության և ճղճիմության ինչպիսի դրսևորում. հանել-հեռացրել են Ամենայն Հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից»։
Ավելի ուշ տեղեկացանք նաև, որ մի շարք քաղաքացիներ, ի պատասխան այս դրսևորումների, «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Կառավարության ղեկավարի անունից դրված ծաղկեպսակը։Ի դեպ, տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում երևում է Վեհափառ Հայրապետի անունից դրված ծաղկեպսակը, ամենայն հավանականությամբ, պաշտոնյաների հեռանալուց հետո վերադարձվել է:
Ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր՝ Սարդարապատից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա մեծաթիվ աջակիցների հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշել էր բարձրանալ հուշահամալիր: Սակայն Նիկոլ Փաշինյանի գալուց առաջ սև բերետավոր ոստիկանները խոչընդոտել են Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևոր դասի մուտքը հուշահամալիր:
168.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն այս աղմկահարույց միջադեպից հետո տեղեկացրեց. «Խոչընդոտել են Վեհափառ Հայրապետի մուտքը՝ առանց հիմնավորումների: Մանրամասների մասին կխոսեմ ավելի ուշ»:
Նա հավելեց նաև, որ, ի վերջո, Վեհափառի ու հոգևորականների մուտքը հաջողվել է: