ԵՄ արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն իրադրությունն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Վրաստանում
Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը մայիսի 27-ին Բրյուսելում կքննարկի իրադրությունն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, մտքերի փոխանակում տեղի կունենա Վրաստանում և Վենեսուելայում տիրող իրավիճակի շուրջ։ Այս մասին նշված է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված տեղեկագրում:
Ուկրաինայում ստեղծված իրադրության քննարկումից առաջ այդ երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան տեսակապի միջոցով կներկայացնի վերջին իրադարձությունները և երկրի ընթացիկ առաջնահերթությունները:
Արտգործնախարարների նիստի օրակարգի երկրորդ հիմնական հարցը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունն է։ Ըստ տեղեկագրի՝ բացի ներքին քննարկումից, ԵՄ արտգործնախարարներն առկա իրավիճակը ոչ պաշտոնապես կքննարկեն Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի իրենց գործընկերների, ինչպես նաև Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ։
Վրաստանի և Վենեսուելայի իրադրությունը ԵՄ խորհուրդը կքննարկի ընթացիկ միջազգային հարցերին վերաբերող բաժնում։
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն մայիսի 24-ին լրագրողներին ասել էր, որ «Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների ապագան կախված է նաև այս երկրում իրադարձությունների վերջին զարգացումներից»՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման հետ։
ԵՄ արտաքին գործերի խորհուրդը մայիսի 28-ին կշարունակի աշխատանքը պաշտպանության նախարարների ձևաչափով։ Օրակարգի հիմնական կետն աջակցությունն է Ուկրաինային։ Կքննարկվեն նաև զինամթերքի և ՀՕՊ համակարգերի մատակարարումները։
ԵՄ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ոչ պաշտոնապես մտքեր կփոխանակեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ, որը տեղեկատվություն կներկայացնի Ուկրաինայի՝ կենսականորեն առավել կարևոր կարիքների մասին։