Դեբեդ գետի վարարման հետևանքով կա մեկ զոհ. փրկարարները որոնում են մեկ տարեց քաղաքացու
Դեբեդ գետի վարարման հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ, 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ–ն նոր տվյալներ է հայտնում
▪️Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել։
▪️Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
▪️Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։
▪️Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։ Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։
Նախնական տվյալներով` Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։
▪️Փամբակ համայնքում ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։ Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։