Հիմա էլ ողորմելի կեցվածքով չէիք ներկայանա աշխարհին, մուրացող աչքերով չէիք աղերսի աջակցություն. Արման Թաթոյանն` իշխանությանը
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանուն ձեր պաշտոնների ու իշխանությունը պահելու՝ թաքուն պահեցիք իրականությունն ու անտեսեցիք մեր ժողովրդի իրավունքները, կոծկեցիք ադրբեջանական հանցանքներն ու խախտումները։
Փոխարենը հնարավորություն տվեցիք՝ Ադրբեջանն աշխարհին տարածի կեղծիքներ ու դառնա խաղաղասեր:
Հիմա էլ ավելի մեծ ուժով սպառնում է Հայաստանին, իսկ դուք էլի ու էլի արդարացնում եք անթույլատրելի զիջումները։ Եվ այս ամենը հանուն` ձեր պաշտոնների, ու դա անում եք պառակտումը խորացնելու հաշվին։
44-օրյա պատերազմից հետո, առաջին օրերից սկսած, ամեն օր, ամեն ժամ ես ասել եմ, որ սահմանները չի կարելի որոշել մարդկանց տառապանքների ու իրավունքների հաշվին:
Որքան ձեզ բոլորիդ ասեմ` չի կարելի անվտանգությունը կտրել մարդուց ու նրա իրավունքներից: Դիվանագիտության համար այսքան ահռելի աշխատելու տեղ կար, հսկայական նյութ, որով կարելի էր մեծ արդյունքեր արձանագրել, բայց ոչ, ամենը զոհ գնաց, քանի որ պետք էր պաշտոնները պահել:
Հիմա էլ այսպես խեղճացած, ողորմելի կեցվածքով չէիք ներկայանա աշխարհին, ակնհայտորեն ադրբեջանական ճնշումների տակ մուրացող աչքերով չէիք աղերսի աջակցություն՝ վախ ունենալով, որ չեք հաջողելու։
Վեց տարի բոլոր ոլորտներում կորուստ, ստորացում, նսեմացում, ձախողում գրանցելով, ֆեյսբուքով երկիր կառավարելով՝ դեռ համարձակվում եք մարդկանց համոզել, որ դուք հայրենիք եք սիրում ու գիտեք հայրենիքի արժեքը։
Փորձում եք համոզել այն մարդկանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում մաքառելով` ապրուստ են ստեղծել, տուն ու տեղ են դրել, հողի հետ կռիվ տվել, որ հիմա էլ հանգիստ թողնեն իրենց՝ տարիներով ստեղծածը, իրենց ապրուստի միջոցները, իրենց հիշողությունները և սրբությունները»։