Թուրքերը 600 տարի չկարողացան թաղել հայ ժողովրդին, այսօր Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքով են ուզում դա անել. կանադահայ Արիս Պապիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Կանադայի Օնտարիո նահանգի պատգամավոր, իրավաբան Արիս Պապիկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Ես Բագրատ սրբազանի հետ միասին, 5 տարի շարունակ աշխատել եմ ազգային, ներքին գաղութային, քաղաքական հարցերի շուրջ։

Բագրատ սրբազանի գործունության մասին խոսելիս պետք է երկու ուղղությամբ խոսել՝ արտաքին և ներքին։ Նա բավականին արդյունավետ աշխատանք է կատարել Կանադայում։ Նրա համար կարևոր էին Արցախի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը և նորանկախ Հայաստանին Կանադայի կողմից աջակցություն տրամադրելու հարցը։ Կանադայի Արտաքին գործերի նախարարի հետ մի հանդիպման ընթացքում Բագրատ սրբազանի հետ խոսեցինք այն մասին, որպեսզի Կանադան նեցուկ կանգնի Հայաստանին։ Շատ արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ, և կարողացանք Կանադայի կառավարության կողմից նյութական աջակցություն ապահովել Հայաստանին։ Բագրատ սրբազանը Մոնրեալում ստեղծեց Հայ տուն կազմակերպությունը, որը Եկեղեցու հովանավորության տակ էր։ Այդ ժամանակ շատ իրաքահայեր գաղթել էին Միջին Արևելքից Կանադա, և Հայ տան միջոցով Կանադայի ներգաղթի նախարարի աջակցությամբ հազարավոր հայերի փրկեցինք, ընդունեցինք և օգնեցինք նրանց կեցության վայր գտնելու։ Այն ժամանակ Կանադայի Կառավարությունը՝ վարչապետ Սթիվեն Հարփերի ղեկավարությամբ, բավականին բարյացակամ էր քրիստոնեական համայնքների հանդեպ։ Ապրիլի 24-ին, երբ Կանադայի հայությունը ցույց անցկացրեց՝ Կանադայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Բագրատ սրբազանը նույնպես բավականին ջանք գործադրեց, և 2004-ին Կանադան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կարդացեք նաև

• Բագրատ սրբազանի համար միասնական աշխատելը, միասնականությունը, եկեղեցիների միջև համագործակցությունը հիմնական նպատակ է միշտ եղել։

• Բագրատ սրբազանը ներքին գաղութային կյանքում շատ մոտ էր երիտասարդության հետ: Ամբողջ Կանադայի տարածքում միավորեց հայ երիտասարդությանը, ապահովեց, որ երիտասարդները կապի մեջ լինեն հայրենիքի հետ, և ամեն տարի Հայաստանում ճամբար էր կազմակերպում հայ երիտասարդության համար։

Ինչ վերաբերում է Լավալի Սուրբ Խաչ եկեղեցու հետ կապված պատմությանը, ըստ որի՝ ասում են, թե իբր Բագրատ սրբազանը գրավադրել է այդ եկեղեցին՝ պարտքերը մարելու համար, ապա այս հարցով Մոնրեալում և Տորոնտոյում, Հայաստանում այդ լուրերը տարածողները պարզապես զրպարտում են Սրբազանին։ Մեծահարուստ մի հայ կար, որ Վանկուվերում տների շինարարությամբ էր զբաղվում, նա խոստացավ Օտտավայի Հայ Դատի գրասենյակին տարեկան 100 հազար դոլար տալ՝ ծախսերը հոգալու համար, միևնույն ժամանակ Բագրատ սրբազանին խոստացավ 1 մլն դոլար տրամադրել Լավալի եկեղեցին կառուցելու համար։ Ցավոք, իրենից անկախ պատճառներով, այդ մեծահարուստ մարդը չկարողացավ կատարել իր խոստումները, նա Լոս Անջելեսում շատ մեծ շինարարություն կատարելու պատասխանատվություն էր ստանձնել, և երբ ԱՄՆ տների, անշարժ գույքի շուկայում ճգնաժամ առաջացավ, այդ հայը սնանկացավ և այդ պատճառով չկարողացավ կատարել Էջմիածնի Հայ Առաքելական եկեղեցուն և Կանադայի Հայ Դատին տված իր խոստումը։

• Որոշ մարդիկ Կանադայում, գիտենք, թե ովքեր են, և անուններն էլ գիտենք, նրանք, ի դեմս Բագրատ սրբազանի՝ վտանգ տեսան իրենց իշխանության համար։ Կանադայի այդ անհատներին դուր չեկավ, որ Բագրատ սրբազանը կարողանում է համագործակցել, միասնական աշխատել համայնքում, և նրա դեմ դավադրություն սարքեցին՝ ասելով, որ նրա պատճառով Լավալի եկեղեցին չկառուցվեց, ու սկսեցին զրպարտչական, սուտ լուրեր տարածել։ Այդ 3-4 հոգին, երկար ժամանակ է՝ իշխում են Մոնրեալի և Տորոնտոյի հայ գաղութում գործող որոշ կազմակերպություններին։ Նրանց նպատակն էր՝ տապալել Բագրատ սրբազանի ընտրությունը, որի ընթացքում Սրբազանն ընդամենը մեկ քվեով չկարողացավ վերընտրվել։ Էջմիածնում էլ դեմ էին, որ Բագրատ սրբազանը հեռացվի թեմից։ Այդ մարդիկ այսօր էլ շարունակում են զրպարտել Բագրատ սրբազանին, նրանք շատ մոտ են և համագործակցում են Փաշինյանի իշխանության հետ։

Ընթերցողին հիշեցնենք, որ ինքը՝ Բագրատ սրբազանը ևս, լրագրողների հետ զրույցներում անդրադարձել էր իր դեմ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների և մերձիշխանական շրջանակների կողմից տարածվող կեղծիքին և զրպարտություններին. «Ես Կանադայի թեմի առաջնորդ եղել եմ 10 տարի, այնտեղ եկեղեցու նյութի, դրամի ու ծախսումների հետ կապված ցանկացած հարց անցնում է հետևյալ խողովակներով՝ թեմական խորհուրդ, պատգամավորական ժողով, անդամական ժողով, կալվածոց տեսչություն: …Կանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ, կալվածոց խորհուրդ: եթե գրավադրելու հարց կա, ապա ազգային խորհուրդ կա, թեմական խորհուրդ կա, կալվածոց տեսչություն կա: Կանադայի հետ կապված էլ եթե որևէ խնդիր կա, ապա ասեմ, այսօր Տավուշի թեմի գործունեությունը կանադահայերն են ֆինանսավորում: Այդ նույն մարդիկ, ովքեր Կանադայում բարերարներ են: Պաշտոնապես դիմեք կանադահայոց թեմին և ճշտեք՝ գրավադրված եղե՞լ է եկեղեցին, թե՞ ոչ»,- ասել էր նա:

Կանադահայոց թեմի առաջնորդարանը ևս հաղորդագրություն էր տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ, որում ասվում էր.
«Կանադահայոց թեմի կանոնադրության համաձայն՝ թեմի վարչական և Ֆինանսական հարցերի մասին որոշումները կայացնում է թեմական խորհուրդը և ոչ թե առաջնորդը, ուստի վերագրել առաջնորդին զանցանքներ, որոնց իրավասությունը նա չի ունեցել կանոնադրության համաձայն, հերյուրանք է և զրպարտություն: Անարդար է հետադարձ կատարել այդ օրերի հատուկ հարցերին և երևույթներին՝ առանց մանրամասնելու բոլոր տվյալները։ Վստահաբար կարող ենք շեշտել, թե Գերշ. Տ. Բագրատ Սրբազանը տքնաջան աշխատել է լավագույն լուծումների հանգելու համար։

Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով: …Հեշտ է ազատորեն կատարել լուրջ զրպարտություններ ու քննադատություններ թեմը գլխավորած առաջնորդի հասցեին՝ առանց ունենալու արծարծվող խնդիրների բոլոր մանրամասնությունները։ Իրականում, Բագրատ Սրբազանն իր 10 տարիների պաշտոնավարության շրջանում, բացի թեմական ընթացիկ աշխատանքներից, տքնաջան գործունեություն է տարել հաջողության հասցնելու հատկապես եկեղեցաշինական աշխատանքները»։

Երբ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, 2019-ի սեպտեմբերին Լոս Անջելեսից ժամանեց Տորոնտո՝ մասնակցելու 2018-ի թավշյա հեղափոխության մասին ֆիլմի ցուցադրությանը, այդ ժամանակ հանդիպեց մի շարք անհատների հետ, այդ թվում՝ հենց այդ նշված անհատների հետ, որոնք Բագրատ սրբազանի դեմ էին գործում։ Մի խումբ մարդիկ մոտեցան ինձ և խնդրեցին ինձ Տորոնտոյում կազմակերպել Աննա Հակոբյանի հանդիպումները Կանադայի մի շարք քաղաքական գործիչների հետ։ Ես ասացի, որ կանադահայ գաղութը հայկական կազմակերպություններ ունի Կանադայում, կա ՀՀ դեսպանատունը, և նրանք պետք է պաշտոնապես կազմակերպեն նման հանդիպումները, որն ավելի արդյունավետ կարող է լինել, և չպետք է անտեսել, շրջանցել այդ կառույցները, բայց այդ մարդիկ փորձում էին անտեսելով պաշտոնական հնարավորությունները՝ անհատների միջոցով կազմակերպել Աննա Հակոբյանի հանդիպումները քաղաքական զանազան գործիչների հետ։ Ես հրաժարվեցի դա անել: Ի վերջո, այդ հանդիպումները նրանց չհաջողվեց կազմակերպել։ Բացի դրանից, մեծահարուստ որոշ անհատների միջոցով էլ փորձում էին կազմակերպել «Իմ քայլի» դրամահավաքը, բայց այս դեպքում էլ մեծահարուստ կանադահայերը մերժեցին, որովհետև դրամահավաք կազմակերպվում է Կանադահայ գաղութի կազմակերպությունների միջոցով, հակառակ դեպքում խախտվում են հայ համայնքի ավանդույթները:

Ընթերցողին հիշեցնենք, որ «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը 2019թ. սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում ներկա էր գտնվել Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ/ I am not alone» ֆիլմի պրեմիերային, որը ներկայացնում էր 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը։ Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Ֆիլմում տեղ էին գտել Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Վալերի Օսիպյանի, Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ գործիչների հարցազրույցները։

Հայաստանի այս իշխանությունը 2018-ից ի վեր փորձում է կացնահարել սփյուռքը և տապալել ավելի քան 100 տարի սփյուռքում գոյություն ունեցող կազմակերպությունների աշխատանքներն ու ստեղծել իր սեփականը։ Այս իշխանությունը լուծարեց Հայաստանի Սփյուռքի նախարարությունը և նշանակեց Սփյուռքի հարցերով գրասենյակի ղեկավար մի մարդու՝ Զարեհ Սինանյանին, որը գաղափար չունի սփյուռքի մասին, ճիշտ է, նա Լոս Անջելեսում որոշ աշխատանք կատարել է, բայց չի կարող միավորել սփյուռքը և համադրել նրանց հետ աշխատանքը։ Բարեբախտաբար, Կանադայում նրանց չհաջողվեց պառակտել, թեև որոշ բջիջներ ունեն Տորոնտոյում և Մոնրեալում։ Այս 6 տարվա ընթացքում, բարեբախտաբար, չկարողացան խոչընդոտել կանադահայության միասնականությանը։ Հայ ժողովուրդը միայն Հայաստան չէ, Արցախ է և Սփյուռք, հայկական սփյուռքը հրեականից հետո հաջորդ ամենահզոր սփյուռքն է աշխարհում, որն ամեն կերպ Հայաստանի այս իշխանությունները ցանկանում են պառակտել, ոչնչացնել:

Ի դեպ, Կանադայի համայնքի տարբեր ներկայացուցիչներ խոսում են, որ Փաշինյանի ընտանիքը միլիոնավոր դոլարներով մի քանի տներ, անշարժ գույք է ձեռք բերել, որի մասին հարց ուղղեցինք նաև Արիս Պապիկյանին: Ընդ որում, նշվում է նաև, որ Կանադայում որոշ գործեր Փաշինյանի ընտանիքի համար կազմակերպում է նրանց ընտանեկան թերթի նախկին աշխատակիցը՝ Էդգար Մանուկյան անունով, որը Կանադայի հայ համայնքում նաև ճանաչված է՝ որպես պառակտող անձ:

Այո, ինքս էլ լսել եմ, որ Փաշինյանի ընտանիքը Կանադայում կալվածքներ ունի, բայց փաստեր չկան, հայկական գաղութում այդ հարցերի մասին խոսակցություններ տարածվում են։

• «Հայկական ժամանակ» թերթի նախկին աշխատակից Էդգար Մանուկյանին հանդիպել եմ գաղութի ժողովներում։ Նախ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կանադայի բոլոր կազմակերպությունները ժողով էին հրավիրել Արցախին օգնելու համար մի մարմին ստեղծելու նպատակով, այդ անձը ևս հրավիրված էր ժողովին, նա եկել էր ևս մեկ-երկու անձանց հետ և փորձում էր խոչընդոտել ժողովի կարգը, ընթացքը։ Երկրորդ անգամ հանդիպել եմ, երբ Իշխան Սաղաթելյանը եկել էր Օնտարիո, և, սովորության համաձայն, ես նրան՝ որպես ՀՀ խորհրդարանի անդամ, պաշտոնապես ներկայացրեցի խորհրդարանում, և այդ անհատը՝ Էդգար Մանուկյանը, անմիջապես իմ դեմ պայքար սկսեց, զրպատրությունների ալիք բարձրացրեց իմ դեմ, անգամ նամակ գրեց իմ վարչապետին, թե Իշխան Սաղաթելյանը Հայաստանը չի ներկայացնում: Դա, իհարկե, խայտառակություն էր, բայց մեր վարչապետը, իհարկե, անտեսեց այդ նամակը։ Վարչապետն ինձ ասաց, որ նման նամակ են գրել իրեն, և ինքը, բնականաբար, անտեսելու է: Իսկ ես Սաղաթելյանին խորհրդարանում ներկայացրել եմ՝ ոչ որպես ՀՅԴ անդամ, և նա էլ խոսել է ոչ թե կուսակցության անունից, այլ ի շահ Հայաստանի և Կանադայի հետ համագործակցության։ Ես 40 տարի Կանադայում կյանքս նվիրել եմ Հայ Դատին, հայ ժողովրդին, Հայաստանին, Ցեղասպանության ճանաչմանն ու Արցախին, և իմ պարտականությունն էր՝ Հայաստանից եկած պատգամավորին Կանադայի խորհրդարանում ներկայացնելը։

• Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 24-ի ուղերձն ինձ համար շատ խոցելի էր, իմ մեծ հայրն իր ընտանիքից 40 հոգու է կորցրել Ցեղասպանության հետևանքով։ Մազապուրծ է եղել միայն մեծ հայրս ու իր մայրը։ Եվ այսօր, երբ մեկը՝ հատկապես իմ երկրի ղեկավարը, նման հարց է դնում, ես դաշնահարված, խոցված եմ զգում, որովհետև այդպիսով այդ իշխանապետը նաև իմ ընտանիքի պատմությունն է ուրանում, մոռացության է տալիս, կապ չունի՝ ինչ լիազորությամբ, ով ուզում է լինի՝ նման պահվածքն անընդունելի է։ Այն, ինչ տեսնում ենք հատկապես այս 2 տարվա ընթացքում՝ սահմանադրության փոփոխություն (Թուրքիայի, Ադրբեջանի կողմից պահանջ է դրվել ՀՀ Սահմանադրությունից հանել Արցախին ու Հայոց ցեղասպանությանն առնչվող դրույթները, զինանշանից՝ Արարատ սարը, և այլն), Ցեղասպանության ուրացում և այլն, նույնն է, ինչ տեսել ենք Թուրքիայից, Կանադայում Թուրքիայի դեսպանից: Տարիներ առաջ Կանադայում թուրք դեսպանի հետ մի հարցազրույց էի արել, և նա նույն հայտարարությունն էր անում, ինչ այսօր ասում է Հայաստանի ղեկավարը։ Հետո, իհարկե, այդ նույն դեսպանը հարցազրույցից հետո, երբ ձայնագրիչս անջատել էի, առանց ձայնագրության, ոչ պաշտոնապես ինձ ասաց՝ «Մենք՝ դիվանագետներս, ստիպված ենք նման հայտարարություններ անել, գիտենք, որ ցեղասպանություն ենք արել, բայց պաշտոնապես չենք կարող դա հայտարարել»: Ցավալի է, որ այսօր իմ պետության իշխանները եկել ու նույն ուրացման քաղաքականությունն են անում, որն անընդունելի է, անկախ նրանից, թե որ կուսակցությանն են նրանք պատկանում։ Այս հարցում բոլորս միակամ ենք: Վարչապետն իր պստիկ խմբով չի կարող 10 մլն հայության հետ իր ուզած ձևով վարվել։ Սփյուռքը տերն է դարձել 1.5 մլն զոհերի արյան, Փաշինյանն իրավունք չունի և չպետք է հաջողի Ցեղասպանության ուրացման քաղաքականություն իրականացնել, որովհետև ողջ հայությունը, սփյուռքը, ես տերն եմ այս հարցի՝ որպես Ցեղասպանությունը վերապրածի որդի։ Փաշինյանն այս ուրացումի քաղաքականությամբ փորձում է հերքել այն փաստերը, որոնք հիմնված են ուսումնասիրությունների և վկաների պատմածների վրա։

• Փաշինյանն ապրիլքսանչորսյան իր ուղերձով 1915թ. Հայոց ցեղասպանության մեջ մեղադրում է ոչ թե Թուրքիային, այլ հայ ժողովրդին, ըստ նրա՝ հայ ժողովուրդը աշխարհաքաղաքական խարդավանքների և սին խոստումների զոհ է դարձել: Փաշինյանի ասածն անհեթեթություն է, այսօր Թուրքիան շարունակում է իր պանթուրքիզմի ծրագրի վրա աշխատել և ավելի ակտիվ է աշխատում, որովհետև այսօր Թուրքիան ղեկավարում են կրոնական շրջանակները։ Զարմանալի է, որ այսօր Հայաստանում իշխանության գլուխ անցած պաշտոնյաներն անտեսում են սա, մոռանում ամեն ինչ և փորձում են արդարացնել Թուրքիային։ Այսօր Հունաստանի կառավարությունը մտահոգ է Թուրքիայով, որովհետև Թուրքիան «Կապույտ հայրենիք» ծրագիր է իրականացնում։ Թուրքիայում ամեն օր պանթուրանիզմի մասին հոդվածներ և ուսումնասիրություններ են հրապարակվում։ Օրերս արտասահմանյան հայտնի լրագրողներից մեկը հոդված էր պատրաստել, որում ասում էր, որ Հայաստանի Կառավարության ներկայիս քայլերն Ադրբեջանին գոհացնելու համար բավարար չեն լինելու, որովհետև Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանն ամբողջությամբ վերանա քարտեզի վրայից. և սա ասում է օտարերկրացի մասնագետը։

• Թուրքիայի վերջնական ծրագիրը Հայաստանն ու հայ ժողովրդին վերացնելն է։ Իրենք սահման չեն բացելու, իրենց համար դա նշանակություն չունի, որովհետև գիտեն, որ այսօր Հայաստանում տկար և անկարող ղեկավարություն կա, որն իր ժողովրդին սպառնում է պատերազմով՝ ասելով՝ եթե տարածքներ չհանձնենք՝ պատերազմ կլինի։

• Այսօր սփյուռքը մեծ հնարավորություններ ունի Հայաստանն ապահով պահելու և այլ պետությունների հետ համագործակցություն ապահովելու համար։ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն այդքան հանցագործություններ կատարեց, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չի դիմել Միջազգային քրեական և միջազգային արդարադատության դատարաններին։

• Այս իշխանության կատարած որևէ քայլ ինձ չի զարմացնում, որովհետև 44-օրյա պատերազմից հետո ամեն ինչ սպասելի է այս իշխանություններից, նրանց ուժը բավարար է միայն սեփական ժողովրդին սպառնալու համար։

• Համայն աշխարհն այս ամենը տեսնում է, տեսնում են, թե ինչպես են Հայաստանում մարդկանց ձերբակալում։ Քաղաքական գործիչները սփյուռքում լավատեղյակ են, երբ դիվանագետների հետ պետական պաշտոնյաներս խոսում ենք Արցախի, Տավուշի, Հայաստանին սպառնացող վտանգների մասին, մեզ ասում են՝ ձեր երկրի վարչապետը համաձայն է դրան։ Դրանից հետո ի՞նչ կարող ենք անել, սա՛ է մեր դժբախտությունը։

Այսօրվա իշխանությունները սփյուռքը ջարդելու ծրագիր են իրականացնում, այն, ինչի մասին երազել են Թուրքիան և Ադրբեջանը, և դա պատահական չէ, դա ծրագրված է։ Եթե հրեաները սփյուռք չունենային, Հրեական պետությունը չէր կարող գոյատևել։

• Այսօր սփյուռքի որոշ գործիչների, որոնք իրենց քննադատում են, արգելում են հայրենիք մտնել։

Ես երբեք այսօրվա չափ հուսահատ և հուսախաբ չեմ եղել, այն, ինչ թուրքը չկարողացավ անել, մեր իշխանությունն է անում։ Կարելի է փրկել մեր հայրենիքը, բայց նման իշխանությունը չի կարող փրկել հայրենիքը, ժամանակն է համախմբվելու։

• Գլոբալիզացիայի ուժ կա, որը փորձում է ջարդել հայ ժողովրդի ողնաշարը՝ կրոնական, կրթական համակարգը քանդել, մեր պատմությունը մոռացության մատնել, մեր եկեղեցուն հարվածել, որ մնանք առանց սկզբունքների և առանց ապագայի, որովհետև միայն այդպես կարող են իշխել հայ ժողովրդին։ Այս ամենը համաշխարհային խոշոր ընկերությունների տնտեսական պայքար է, որոնց նպատակն է՝ տիրապետել Հայաստանը։ 600 տարի չկարողացան թաղել հայ ժողովրդին, այսօր Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքով են անում դա։

• Ուրախ եմ, որ այսօր Բագրատ սրբազանը համախմբում է ժողովրդին, բայց պետք է ավելին անել, հայրենիքը փրկելու համար Հայաստանի ժողովուրդը պետք է մեկ բռունցք դառնա։

• Բագրատ սրբազանի երկքաղաքացիության և Կանադայի քաղաքացի լինելու հարցը շատ է շահարկվում, բայց Կանադայի քաղաքացիության մասին օրենքով՝ բոլոր կրոնավորները, որոնք գալիս են Կանադա՝ ծառայություն մատուցելու իրենց համայնքներին, որպես գնահատական՝ պետությունը նրանց քաղաքացիություն է տալիս։ Անպարկեշտություն է Բագրատ սրբազանի երկքաղաքացիությունն իր դեմ օգտագործելը։ Հարցը երկքաղաքացիությունը չէ, այլ անձի համոզումն ու նվիրումն է ժողովրդին՝ նրան ծառայելու համար։

• Բագրատ սրբազանը լծված է հայրենիքի փրկության գործին, որը տարօրինակ չէ, Սրբազանն իր կյանքը վտանգի տակ է դրել հայրենիքը փրկելու համար։ Երախտապարտ եմ ոչ միայն ես, այլև սփյուռքում շատերը։

• Ես լավատես եմ, հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել այս դժվարությունները, ոչինչ հավիտենական չէ, միայն չպետք է ընկրկենք։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս