ԿԿՀ-ն ՆԳՆ փոխնախարարի ամուսնուն թույլատրել է փոփոխություն կատարել հայտարարագրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հոնվարին մամուլը գրել էր, որ ՆԳՆ փոխնախարարի պաշտոնյա ամուսինը չի հայտարարագրել իր բաժնեմասը։ Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, 2022 թվականի հունիսի 28-ին նշանակվել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդական, իսկ 2022թ. հոկտեմբերի 12-ին նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական՝ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուց 5 օր անց։
Արշակ Վարդապետյանը 2018 թվականի ապրիլի 12-ին հիմնադրել է «Արմոթորս» ՍՊԸ-ն, որը, պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, զբաղվում է մանրածախ առեւտրով, բայց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Վարդապետյանին, որի մասին նա չի նշել իր հայտարարագրում։ Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության հիման վրա, հայտարարագրված տվյալների ստուգման արդյունքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է իրականացնել Արշակ Վարդապետյանի եւ Արփինե Սարգսյանի կողմից ներկայացված արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի վերլուծություն։ Վերլուծության արդյունքում արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ հանձնաժողովն Արշակ Վարդապետյանից եւ Արփինե Սարգսյանից հայցել է պարզաբանում։
Ստացված պարզաբանումների գնահատման արդյունքում՝ հանձնաժողովը որոշել է, որ Արշակ Վարդպետյանի եւ Արփինե Սարգսյանի գույքային դրության վերաբերյալ ներկայացված տվյալների արժանահավատության եւ օրինականության վերաբերյալ կասկածներ առկա չեն եւ թույլատրել է Արշակ Վարդապետյանին հայտարարագրված տվյալներում կատարել փոփոխություն։ Իհարկե, եթե այս տեղում լիներ ընդդիմադիր որեւէ գործիչ կամ քաղաքական դեմք, դժվար թե նույն հանձնաժողովը խույս տար վարույթ նախաձեռնելու գործընթացից, ընդհակառակը…»։