
Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ձեռք բերած պայմանավորվածությունը:
Այս մասին ասված է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ձեռք բերած պայմանավորվածությունը և կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը, լուծել բոլոր երկկողմ խնդիրները` հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելու համար», – նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, բայց եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով» (խաղաղության պայմանագրով) կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա հանձնաժողովի կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն խաղաղության պայմանագրի սկզբունքներին: