Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը. Ճանապարհ դեպի մեր օրերի տեղահանում» խորագրով համաժողով, որն անցկացվել է Ռամկավար ազատական կուսակցության նախաձեռնությամբ ու աջակցությամբ։ է Համաժողովի հյուրն է եղել Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Քլեր Դալին։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայոց Ցեղասպանությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման միջեւ զուգահեռներ անցկացնող համաժողովի գլխավոր բանախոսներն էին Բելգիայում Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ Պարույր Սեւակ Դեմիրճյանը, Հայոց Ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը, Բրյուսելի Ազատ համալսարանի քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Անիտա Խաչատուրովան եւ նախկին դիվանագետ Վարդան Բարսեղյանը։

Եվրախոհրդարանական Քլեր Դալին իր բացման ելույթում նշեց՝ այս համաժողովի նպատակն է ոչ միայն հիշատակել Հայոց ցեղասպանությունը, այլեւ ընդգծել տեղի ունեցածի շարունակականության մասին։ Դալիի խոսքով՝ չնայած ճնշող ապացույցներին եւ աշխարհի բոլոր ծայրերում պատմաբանների համաձայնությանը՝ Հայոց Ցեղասպանությունը շարունակում է ժխտվել որոշ կառավարությունների եւ քաղաքական գործիչների կողմից՝ քաղաքական նպատակահարմարության կամ ազգային շահերի համար։ «Նույն կերպ, ԵՄ որոշ ներկայացուցիչներ թերագնահատել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, փոխարենը որոշել են ավելացնել Ադրբեջանից գազի մատակարարումները՝ չնայած այդ երկրի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներին։ Նման ժխտումը ոչ միայն խորացնում է զոհերի եւ նրանց ժառանգների տառապանքը, այլեւ հավերժացնում է անարդարության եւ անպատժելիության վտանգավոր շրջանը», – ասաց Դալին։

Իռլանդացի պատգամավորի խոսքով Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն կարեւոր է էթնիկ հայերի հանդեպ հետագա հանցանքները, այլ նաեւ մարդկության հանդեպ պոտենցիալ ոճիրները կանխելու համար։

Միջոցառման կազմակերպիչներից Պարույր Սեւակ Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց Քլեր Դալիին արագ արձագանքի եւ հյուրընկալության համար։ Դեմիրճյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ահռելիությունն ու ողբերգականությունը շարժառիթ դարձան, որպեսզի Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի հիշատակումը ցույց տա անցյալի եւ ներկայի կապը։

Միջոցառման հիմնական նպատակն էր բարձրացնել հայության հետ տեղի ունեցածի եւ ունեցողի վերաբերյալ իրազեկվածությունը։

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից Արմինե Մխիթարյանը դեսպան Տիգրան Բալայանի անունից շնորհակալություն հայտնեց հրավերի եւ նախաձեռնության համար։ Նա իր ելույթում հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանն առաջին բազմազգ կառույցներից էր, որը 1987 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւով։

«2023 թվականին տարածաշրջանի հայերը դուրս մղվեցին իրենց պապենական հայրենիքից՝ մեկ դար առաջ իրենց հայրենակիցների նույն ողբերգական ճակատագիրը կիսելու սպառնալիքի տակ։ Ադրբեջանի կառավարությունը փաստացի էթնիկ զտում իրագործեց Լեռնային Ղարաբաղում, եւ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ։ Այս սարսափելի իրավիճակը վկայում է մեկ ճշմարտություն՝ երբ հանցագործությունը կատարվում է, բայց անպատժելիությունն ու դաժանությունը պահպանվում են, այն դատապարտված է կրկնվելու»,-ասաց դեսպան Բալայանի անունից ելույթ ունեցող Արմինե Մխիթարյանը՝ հավելելով, որ արցախահայությունը պետք է իրավունք ունենա վերադառնալ իր պապենական հող միջազգային երաշխիքների եւ ներկայության ներքո՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի պարտադիր որոշումների։

Հայոց Ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանն իր ելույթում հանգամանորեն ներկայացրեց ցեղասպանության պատմական հիմքը, դատական գործընթացները, որոնք հենց այդ տարիներին են եղել։ Գզոյանի խոսքով՝ Նախիջեւանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն են։ Ըստ բանախոսի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հռետորաբանությունը, այդ երկրների հասարակության դիսկուրսը ստիպում են մտածել ցեղասպանության մասին։ Ցեղասպանությունից խոսելիս՝ թանգարանի տնօրենը շեշտեց նաեւ, որ դա միայն մարդկային կյանքերի կորստի մասին չէ։ «Թիրախավորելով մշակութային կոթողները, դրանք սրբապղծելով ու ավերելով՝ դուք զրկում եք մարդկանց իրենց ինքնությունից։ Հայկական եկեղեցիների ոչնչացումը նպատակ է ունեցել հերքել բնիկ հայության գոյությունը։ Այսօր նույնը արվում է նաեւ Արցախում», – ասաց Էդիտա Գզոյանը՝ ցավով արձանագրելով, որ Ծիծեռնակաբերդն այսօր ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի հուշահամալիր է։

Բանախոսներից Անիտա Խաչատուրովան, ով 2020-2022 թվականների ընթացքում առիթ է ունեցել բազմաթիվ անգամ այցելել Լեռնային Ղարաբաղ, հարյուրից ավել փաստահավաք հարցազրույցներ արել, իր ելույթում ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ԼՂ-ի էթնիկ զտումներից հետո Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չկիրառվեց, ոչ էլ 2022 թվականի հուլիսին ԵՄ հանձնաժողովի և Ադրբեջանի միջև կնքված գազային գործարքը չեղարկվեց։ «Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ռեժիմը դաժան տնտեսական պատժամիջոցների տակ է գտնվում՝ չնայած նրա արարքները համեմատելի չեն հայերի էթնիկ զտումների հետ, որն իրականացրել է Ալիևի ռեժիմը։ Ալիեւը ոչ միայն չի պատժվել էթնիկ զտումների համար, այլ նա շնորհավորանքներ է ստացել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելից՝ իր ոչ արդար, ոչ էլ ազատ «վերընտրվելու» կապակցությամբ․ եւ այդ ամենը տեղի է ունեցել Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների դեմ զանգվածային բռնաճնշումների ալիքի ֆոնին», – ասաց Անիտա Խաչատուրովան։

Նախկին դիվանագետ Վարդան Բարսեղյանի համար Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգությունն ամեն ինչից առաջ անձնական է, որտեղ դիվանագետը ծնվել եւ մեծացել է։ Բարսեղյանն իր ելույթի սկզբում նշեց, որ Լեռնային Ղարաբաղը երիտասարդ ժողովրդավարություն էր, որը չարժանացավ արժանի աջակցության։ Բանախոսի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր նպատակները Հարավային Կովկասում չեն փոխվել, եւ, եթե միջազգային հանրությունը չտեսնի ու չգիտակցի այդ նպատակի էությունը, հետեւանքներն անդառնալի կլինեն։ «ԵՄ-ն պետք է պահպանի իր արժեքները, ինչպիսիք են մարդու արժանապատվությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, իրավահավասարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները, որոնք արձանագրված են Լիսաբոնի պայմանագրով։ Այս նույն արժեքները պետք է առաջնորդեն Եվրամիության ներգրավվածությանը համընդհանուր հարցերում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը որոշ խայտառակ տնտեսական եւ քաղաքական հաշվարկների զոհը չպետք է դառնան», – ասաց Վարդան Բարսեղյանը՝ նշելով, որ մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը ճանապարհային քարտեզ է, որը Եվրոպական հանձնաժողովը պետք է կյանքի կոչի։

Համաժողովի ավարտին ներկաների եւ բանախոսների միջեւ մտքերի փոխանակումը կենտրոնացավ ԵՄ-ի դերակատարության վրա։ Ներկաները նշեցին՝ ԵՄ-ն տեղեկատվության պակաս չունի, շատ լավ գիտակցում է տեղի ունեցածը, իր գործիքակազմում ունի անհրաժեշտ բոլոր գործիքներն ու միջոցները, եւ, վերադառնալով իր արժեհամակարգին, պետք է գործի դրան համահունչ։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս