Ի՞նչ խորհուրդ է տվել բարձրաստիճան նախկին քննիչն Ալեն Սիմոնյանին

Ապրիլի 15-ին քաղաքացի Սամվել Վարդանյանի ու Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել: Սամվելը Հակոբ Ասլանյանին անվանել էր «դավաճան վիժվածք», ինչին ի պատասխան՝ վերջինս հարձակվել էր Սամվել Վարդանյանի վրա:

Տեսանյութը տարածվելուց րոպեներ անց Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանն իրավապահ մարմիններին հրահանգեց ամենակոշտ ձևով պատժել քաղաքացուն: Իրավապահ համակարգը հրահանգն ընդունեց ի գիտություն, ու Սամվել Վարդանյանը կարճ ժամանակ անց ձերբակալվեց, ապա հարուցվեց քրեական վարույթ խուլիգանության հանցակազմով:

Ի դեպ, Ալեն Սիմոնյանի գրառումը տեղադրվեց կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ դրանով հստակ ուղերձ հղելով՝ սա քաղաքական ղեկավարության հրահանգն է, պարզապես այդ հրահանգը ձևակերպվել է Ալեն Սիմոնյանի շուրթերով:

Կարդացեք նաև

Քաղաքական իշխանությունը, սակայն, ըստ երևույթին չբավարարվեց դրանով: Հետո Սամվելին ՔԿ-ից ՁՊՎ ճանապարհին դիմակավորված անձինք խոշտանգեցին, իսկ այսօր էլ նրան մեղադրանք առաջադրվեց ևս մեկ հոդվածով՝ թշնամանք հրահրելու, ինչն արդեն թույլ կտա Սամվելին կալանավորել: Թե ինչ կլինի, ինչ որոշում կկայացնի Ժորա Չիչոյանը, կիմանանք ժամեր անց:

Այս պատմության մեջ, սակայն, կա մի ուշագրավ հանգամանք: Քաղաքացու ձեռքերն իր թիկնազորին բռնել տվող ու նրա վրա թքող ԱԺ նախագահն արդեն շուրջ 1 տարի 3 ամիս Ահարոն Ներսիսյան անուն-ազգանունով խորհրդական ունի:

Այս անձնավորությունը շուրջ մեկ տասնյակից ավելի տարիներ զբաղեցրել է   Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը, պարգև է ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից: Քննչական կոմիտեում եղել է տարբեր շտաբների ու աշխատանքային խմբերի ղեկավար կազմում: Թե ինչու է որոշել ղեկավար պաշտոն զբաղեցնող քննիչի աշխատանքը փոխարինել ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնով, դժվար է ասել: Առավել ուշագրավ է այն, թե ինչ խորհուրդներ է նախկին քննիչը տալիս Ալեն Սիմոնյանին: Արդյո՞ք Ահարոն Ներսիսյանի խորհրդով է Ալեն Սիմոնյանը կատարել իր աղմկահարույց գրառումը, արդյո՞ք փորձառու քննիչը նրան ասել է՝ «Դուխով, պարոն Սիմոնյան, դու դրա իրավունքն ունես, ասա, թող անեն…», թե՞ ոչինչ էլ չի ասել, ու դա բացառապես կոլեկտիվ քաղաքական որոշում է: Սա էլ է տարբերակ, որովհետև չի կարող աշխատանքային պատկառելի փորձառություն ունեցող քննիչն իրավական տարրական գրագիտությունից զուրկ նման խորհուրդ տալ:

Այդ դեպքում հետաքրքիր է՝ որն է Ահարոն Ներսիսյանի գործառույթն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականի պաշտոնում:

Այս հարցերը ցանկացանք ուղղել ԱԺ նախագահի խորհրդականին, բայց Խորհրդարանի կայքի «Ազգային ժողովի նախագահի գրասենյակ» բաժնում նրանից որևէ կոնտակտային տվյալ չգտանք:

Ալեն Սիմոնյանի 3 խորհրդականներից 2-ի աշխատանքային հեռախոսահամարները, իսկ նրանցից մեկի՝ նաև էլեկտրոնային հասցեն կային, իսկ Ահարոն Ներսիսյանինը՝ ոչ: Բացակայում են նաև նրա մամուլի քարտուղարի, օգնականներից 1-ի ու ռեֆերենտի կոնտակտային տվյալները:

Տեսանյութեր

Լրահոս