Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստվում է վետո դնել օրենքի այսօր խորհրդարանի ընդունած «օտարերկրյա գործակալների» օրինագծի վրա, նշելով՝ իր իր վետոն ժողովրդի ձայնն է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Սա Պուտինի օրենքի ճշգրիտ պատճենն է, որն ընդունվել է 2012 թվականին եւ աստիճանաբար աճել ու զարգացել։ Սա օրենք է ընդդեմ հասարակական կազմակերպությունների գործունեության, ընդդեմ լրատվամիջոցների, և մեր գործընկեր եվրոպական երկրների, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բոլոր միջազգային կազմակերպությունների դեմ, որոնք աջակցում են Վրաստանի անկախությանը և տնտեսության զարգացմանը ավելի քան 30 տարի։ Անցյալ տարի նույն օրենքը մերժվեց զանգվածային ցույցերի արդյունքում։ Այս անգամ այս օրենքը կրկնելն ուղղակի սադրանք է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույցում նշել է, որ հասարակական կազմակերպությունների կողմից ստացվող ֆինանսավորման մասին տեղեկատվությունը թափանցիկ է»։
Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանելով օրենքի ընդունման դեպքում Եվրամիությանն անդամակցելու շանսերի մասին հարցին նշել է, որ «սա օրենք է, որը հստակ ցույց է տալիս Վրաստանի եվրաինտեգրմանը խոչընդոտելու կառավարության որոշ անդամների մտադրությունը»։
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ, դահլիճում վիճաբանության ու ծեծկռտուքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները այսպես են որակել տեղի ունեցածը.
«Դավաճանները փակվել են դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»:
Ի դեպ, համացանցում լի են տեսանյութեր և լւոսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են հատուկջոկատայիններն ու ոստիկանության աշխատակիցները բռնություն գործադրում խաղաղ ցուցարաների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ: Ստորև ներկայացված են լուսանկարներ և տեսանյութեր: