Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» ՔԿՀ-ից, որը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ փաշինյանական ռեժիմը հերթական զազրելի և անբարո վարքով է աչքի ընկել՝ Պոլիցայի վերածված ՀՀ «ոստիկանության» ուղիղ ներգրավվածությամբ։ Այս անգամ ռեժիմի կողմից ազատ խոսքի բռնաճնշման հերթական արարն ուղեկցվել է ոստիկանական համազգեստ հագած ստահակների կազմակերպած բռնության և մարդկային արժանապատվության նսեմացման դեպքով։ Կասկած չունեմ, որ խոսքի ազատության իր իրավունքն իրացրած Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածի գլխավոր պատվիրատուն ռեժիմի պարագլուխն է։

Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը վերջին շրջանում հայկական ավտորիտարիզմը նոր մակարդակի են հասցրել՝ դրան հաղորդելով խուլիգանախմբին և քրեական օրենսգրքով խուլիգանության հանցակազմին բնորոշ գործելաոճ, ինչից ելնելով այս դավաճանական ռեժիմին կարելի է կոչել խուլիգանախումբ, որն էլ իր հերթին ՀՀ-ն փորձում է խուլիգանապետության վերածել։

Խուլիգանապետություն կառուցելու ճանապարհին խուլիգանախմբի պարագլուխը փորձում է բոլոր համակարգերը դարձնել իրեն հանցակից և դրանով իսկ բաշխել երկրում առկա բարոյազուրկ ամենաթողության պատասխանատվությունը։ Այս համատեքստում խուլիգանապետի կողմից բարոյալքվում և վերջնականապես «Պոլիցայ»-ի ինստիտուտի է վերածվում ՀՀ ոստիկանությունը, որի առանձին աշխատակիցների պահվածքը ստվերում է ողջ համակարգի` առանց այն էլ ոչ միարժեք համբավը։ Վահե Ղազարյանի գլխավորած գերատեսչությունը՝ վերջինիս իսկ գլխավորությամբ, ապականվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նույն կերպ խուլիգանապետի կողմից Հայաստանը խուլիգանապետության վերածելու գործընթացում օգտագործվում են մյուս իրավապահ մարմինները՝ Քննչական կոմիտե, Դատախազություն, ԱԱԾ և մյուսները։

Այս ամենն արվում է բացառապես Հայաստանի մաս-մաս հանձնումն Ադրբեջանին ապահովելու համար։ Վստահ եմ, որ սա գիտակցում են նաև իրավապահ մարմինների պատասխանատուները, բայց այդքանով հանդերձ շարունակում են կատարել Հայաստանը խուլիգանապետության վերածելու՝ խուլիգանապետի հրահանգները։

Բարեբախտաբար, հայ ժողովուրդը, որի որակյալ մեծամասնությունը գենետիկորեն կապված է պատմական Հայաստանի հետ, չի հանդուրժելու տեղի ունեցողը (վերջին հարցումները՝ ձեզ օրինակ), թույլ չի տալու Հայաստանի Հանրապետությունը վերածել խուլիգանապետության և հանձնել թշնամուն։ Կուտակված ողջ ցասումը մի օր պայթելու է, և մարդիկ դուրս են հորդալու փողոցներ ու սրբելով տանելու են խուլիգանախմբին և իրենց ծառայող բարոյական կասկածելի հակումներ ունեցող խուլիգաններին։ Այդ ժամանակ քաղաքացի խոշտանգող ոստիկանն ու մյուս մասնակիցները խուլիգանապետի կողմից առաջինն են զոհաբերվելու, և հանկարծ այդ ժամանակ ոչ ոք չբողոքի հետևանքներից։

Ուժային կառույցի փորձառու ղեկավարն առաջինը պետք է գիտակցի, որ այս աստիճան այլասերված հրահանգներ իջեցնողի ոտքերի տակից հողը դուրս է գալիս: Առաջինը, նաև, պետք է ողնուղեղով զգա՝ տեղի ունեցողի «կուժն ու կուլան ում գլխին է կոտրվելու»։ Խուլիգանախմբին ծառայելու որոշումը նաև հետևանքներ է ենթադրում՝ քրեական և բարոյական պատասխանատվության տեսքով։

Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում։

Հ.Գ. Խուլիգանախմբի կողմից անխնա օգտագործվող և ապօրինի որոշումները դակող դատական իշխանության վերաբերյալ կգրեմ հաջորդիվ։ Դատական իշխանությունը ևս անմասն չէ խուլիգանապետության կերտման գործում։

Հ.Գ. 2. Իմ սատարումն ու ջերմագին ողջույններն եմ հղում խուլիգանապետի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած Սամվել Վարդանյանին։ Վստահ եմ՝ այդ արարքը կատարողներն առանց դիմակի կանգնելու են մեր առաջ՝ շատ շուտով։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

«Արմավիր» ՔԿՀ

16.04.2024թ.»։

AntiFake.am

Տեսանյութեր

Լրահոս