
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կրկնակի կրճատել է այն պատանդների թիվը, որոնք կարող են ազատ արձակվել Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ընթացքում: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին առաջարկության մեջ ՀԱՄԱՍ-ն առաջարկել է ազատ արձակել 20-ից պակաս պատանդների՝ վեցշաբաթյա հրադադարի դիմաց: Ավելի վաղ խոսվում էր 40 պատանդի ազատ արձակման մասին։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ, ինչպես հայտարարել են ՀԱՄԱՍ-ում, խմբավորման մոտ մնացել է շուրջ 20 պատանդ, որոնք «կանայք են կամ հիվանդ, վիրավոր ու տարեց տղամարդիկ»։
Բացի այդ, շարժումը շարունակում է պահանջել մշտական հրադադարի երաշխիքներ, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից և պաղեստինցիների անսահմանափակ վերադարձ Գազայի հատվածի հյուսիսային մաս։