Սա իշխանության կողմից հերթական քայլն է՝ ցույց տալու, որ ցեղասպանություն չի եղել. Ամատունի Վիրաբյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ վերահաստատեց «Ազատության» եթերում իր հնչեցրած հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի անուններն ամբողջացնելու վերաբերյալ։

«Սա պարզ նպատակ ունի, որպեսզի իմանանք մենք 1,5 միլիոն հայրենակիցների հասցեները, տեղերը, մենք մինչև հիմա չունենք։ Օրինակ 1,5 միլիոնից ավելի շատ է կամ քիչ է, մինչև հիմա մեր երկիրն ինչո՞ւ այդ խնդիրը չի հասցեականացրել, հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվում։ Սա շատ կարևոր է  նաև ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար։ Ուզում եմ ասել, որ դրանից վատ մի զգացեք»,- ասաց նա։

168.am հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն ասաց, որ նախկինում փորձել են այդ անուններն ամբողջացնել, սակայն, ցավոք, չի հաջողվել։

«Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո անունները ճշտելու գործընթաց չի եղել, այդ պատճառով էլ, երբ փորձեցինք անունները ճշտել, հասկացանք, որ կարող է լինել մոտ 2-3 հարյուր հազար մարդու անուն։ Այդ պատճառով էլ գործընթացը դադարեցրեցինք։ Մեզ համար աղբյուրները մնացել էին որբերը՝ մոտ 30 հազար, որոնց ծնողները կլինեին 60 հազար, դրան կգումարվեր մամուլում, հուշերում եղած տվյալները։ Արևմտյան Հայաստանում եղել են բնակավայրեր, որտեղ թուրքերը բոլորին կոտորել են, որևէ վկա, ականատես չի մնացել, որը կկարողանա հետագայում տեղեկություններ փոխանցել»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ հատկապես այսօր անհնարին է ամբողջությամբ ճշտել ցեղասպանության բոլոր զոհերի անունները։

«Սա իշխանության կողմից հերթական քայլն է՝ ցույց տալու, որ ցեղասպանություն չի եղել, ցույց տալով, թե՝ տեսեք, մենք պարզել ենք միայն 2-3 հարյուր հազար մարդու անուն»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած մյուս դիտարկմանը, թե «հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվում»,  պատմական գիտությունների դոկտորը պարզաբանեց, որ  հրեաներին հաջողվել է իրենց բոլոր զոհերի անունները հավաքել, քանի որ այդ գործընթացը սկսել են Հոլոքոստից անմիջապես հետո՝ 1946 թվականից, երբ վերապրածների հիշողությունները թարմ էին, թարմ էին նաև եղած բոլոր տեղեկությունները։

«Իսկ մենք ե՞րբ ենք սկսել՝ Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո։ Հրեաները ցեղասպանության ենթարկվածների ուղիղ կեսի լուսանկարներն ունեն, իսկ մենք քանի՞ լուսանկար կարող ենք ունենալ. ոչ ավելի՝ քան մի քանի հազար։ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում, իսկ մենք ապրել ենք Արևելյան Հայաստանում։

Սա Թուրքիային մաքրելու գործընթաց է լինելու, որովհետև կասեն՝ այդ որտեղի՞ց 1,5 միլիոն զոհ, երբ ընդամենը 2-3 հազար կամ 2-3 հարյուր հազար զոհ է եղել։ Սա լուրջ չեմ համարում, արխիվային փաստաթղթերը, հուշերը, մամուլը բավարար չէ, որպեսզի կարողանան ցեղասպանվածների անունները ներկայացնել»,- հավելեց Ա. Վիրաբյանը։

Դեռևս 2005 թվականին Թուրքիայի վարչապետ Էրդողանը կոչ էր արել ստեղծել հայ-թուրքական համատեղ հանձնաժողով՝ ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով: Այն ժամանակ Հայաստանի իշխանությունները մերժել էին այն հիմնավորմամբ, թե նման առաջարկի ընդունումը  կնշանակի կասկածի տակ առնել ցեղասպանության փաստը: Դրանից հետո Թուրքիայի իշխանությունները պարբերաբար կրկնում են իրենց առաջարկը: Անցյալ տարի ապրիլին ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը նորից կրկնել է համատեղ հանձնախումբ ստեղծելու մասին իրենց առաջարկը, համոզմունք հայտնելով, որ դա կլինի տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նախաձեռնություն: Հնարավո՞ր է, որ նաև այս հանգամանքն է պատճառ դարձել, որ Հայաստանի իշխանական պատգամավորն իր հարցազրույցում նման տեսակետ հնչեցնի:

Ամատունի Վիրաբյանը նախ հիշեցրեց, որ ինքն անձամբ միշտ ասել է՝ Հայաստանի արխիվները բաց են, թուրք պատմաբանները Հայաստանի արխիվներում աշխատել են։

«Մենք օժանդակել ենք, ամեն ինչ արել ենք, որպեսզի նրանք ուսումնասիրեն, կրկնում եմ։ Հանձնաժողով ստեղծել՝ նշանակում է այսօր մի հարց քննարկել, վաղը մեկ այլ հարց, ու այդպես տասնամյակներ կարող է քննարկվել։ Դրանով Թուրքիան խնդիր էր դրել հարցը քաղաքականությունից հեռացնելու և պատմաբանների դատին հանձնելու, իսկ ցեղասպանությունը դա քաղաքական խնդիր է»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս