Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. Մխիթարյան
Իտալական «Ինտեր»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի համար ընթացիկ մրցաշրջանի կարևոր նպատակներից է իտալական Սկուդետոն նվաճելը:
«Սա հետքայլ չէ: Մենք ցանկանում էինք հաղթել, բայց մեկ միավոր վաստակեցինք: Մեկ նպատակ ունենք՝ հաղթել Սկուդետոն։ Յուրաքանչյուր չեմպիոնական տիտղոս նվաճվում է դժվարություններով: Իտալիայում մեծ ուշադրություն է դարձվում մարտավարությանը, այստեղ լավ թիմեր են և շատ ուժեղ խաղացողներ»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայ կիսապաշտպանը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի, այնուամենայնիվ, դառնալ Իտալիայի չեմպիոն։
«Մենք չենք հանձնվի և պետք է հաղթենք առաջիկա խաղերում, որպեսզի մրցաշրջանն ավարտենք՝ կատարելով մեր խնդիրը: Ես ինձ հիանալի եմ զգում և ցանկանում եմ խաղալ յուրաքանչյուր խաղում»,-ասել է Մխիթարյանը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Կալյարի»-ին: Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին։ Այս տուրից հետո էլ «Ինտերը» 83 միավորով գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը: