Մեծամորի ատոմակայանը մեր ազգային անվտանգության հենասյուներից է. եթե փակեն, կոլապս կլինի. Վահե Դավթյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ զրույցում անդրադարձանք Բյուսելում արված հայտարարության՝ միջուկային էներգիային վերաբերող հատվածին, ըստ որի՝ «Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են»։
Վահե Դավթյանը նշեց, որ Արևմուտքի որևէ երկիր միջուկային ռեակտորներ ու դրանք շահագործելու փորձ չունի, այդպիսի երկու երկիր կա՝ Ռուսաստանը և Չինաստանը։
«Հայաստանը կվերածեն փորձադաշտի, որովհետև մեզ մոդուլային կայաններ են առաջարկում պետություններ, որոնք չունեն դրա փորձը։ Սա ուղիղ ճանապարհ է Հայաստանի ատոմակայանը փակելու։ Այստեղ ուզում են կիրառել Լիտվայի փորձը, ինչը նոնսենս է. ասում են՝ հրաժարվեք մեծ ատոմակայանից, մենք ձեզ կտանք փոքր հզորության մոդուլային կայաններ։ Սա քաղաքական նպատակ է հետապնդում․ Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց են աշխատում Մեծամորի ատոմակայանը փակելու ուղղությամբ։
Նպատակը պարզ է՝ Հայաստանին զրկել էներգետիկ անվտանգությունից։ Մեծամորի ատոմակայանը մեր ազգային անվտանգության հենասյուներից է, որը մենք պետք է պահպանենք մինչև 2036թ.՝ զուգահեռ հասկանալով, թե ում հետ համագործակցությամբ ենք մենք կառուցելու նոր ատոմակայան»,- ասաց Վահե Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: