
Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու առաջարկին` ոգեկոչելով ավելի քան 1,5 միլիոն անմեղ կյանք խլած ոճրագործության 109-րդ տարելիցը: Այս մասին հայտնում է Pasadena Now-ն։
Առաջարկը ներկայացվել է Փասադենան ներկայացնող վերահսկիչ Քեթրին Բարգերի կողմից։ Առաջարկի համահեղինակ է նաև վերահսկիչ Հիլդա Սոլիսը:
Քեթրին Բարգերը հայտարարել է, որ կարևոր է անցյալից դասեր քաղելը՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանության մասին հիշելը հնարավորություն է տալիս սգալ ավելի քան 1․5 միլիոն անմեղ կյանքերի կորուստը։
Վերահսկիչ Հիլդա Սոլիսն էլ նշել է, որ հարգում են հայ ժողովրդի տոկունությունը, որը իր կյանքը վերակառուցել է ոչնչից, այդ թվում՝ Լոս Անջելեսում։
«Եկեք վերստին պարտավորվենք և վստահ լինենք, որ մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանության մասին, և որ միշտ հանդես կգանք ատելության և վայրագությունների դեմ, որտեղ էլ որ դրանք լինեն»,- ասել է նա: