Բաժիններ՝

Երևանում և հարակից մարզերում օդի աղտոտման համար բեռնատարի 27 վարորդ է տուգանվել

Երևանում և հարակից մարզերում օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 27 վարորդ։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Նշվում է, որ փոշու արտանետումների նվազեցման նպատակով տեսչական մարմինը ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում:

«Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված խստացված ստուգայցերը լինելու են շարունակական:

Հավելենք, որ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 50000 դրամով, իսկ իրավաբանական անձը`150 000 դրամով։

Կրկնակի խախտումների դեպքում` ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափը 100 000 դրամ է, իրավաբանական անձանց նկատմամբ` 300 000 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս