ՄԻՊ-ը ԵԽ-ի ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 9-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային։
Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում. աշխատակազմի հետ այցելել է Գորիս, Կոռնիձոր և Վայք` աշխատանքներն իրականացնելով նաև գիշերային ժամերին։
Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությանը, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը։
Քննարկվել են նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: