Գիտնականները հաշվարկել են, թե աշխարհում քանի մարդ է տառապում գիրությամբ
Ավելի քան 1500 գիտնականներից բաղկացած միջազգային թիմը պարզել է, որ գեր երեխաների, դեռահասների և մեծահասակների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 1 միլիարդը: Այս մասին ասվում է The Lancet գիտական ամսագրում հրապարակված վերլուծական զեկույցում։
Հետազոտության համաձայն՝ երեխաների և դեռահասների շրջանում գիրության համաշխարհային մակարդակը քառապատկվել է 1990-ից մինչև 2022 թվականը:
Մեծահասակների շրջանում գիրության մակարդակը կանանց մոտ կրկնապատկվել է, իսկ տղամարդկանց մոտ՝ գրեթե եռապատկվել: Ընդհանուր առմամբ 159 միլիոն երեխա և դեռահաս ու 879 միլիոն մեծահասակ (504 միլիոն կին և 374 միլիոն տղամարդ) ապրել են գիրությամբ 2022 թվականին:
2022 թվականին թերքաշի և գիրության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրները եղել են Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ավազանի երկրները, ինչպես նաև Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան:
«Շատ տագնապալի է, որ գիրության համաճարակը, որն ակնհայտ էր 1990 թվականին աշխարհի մեծ մասի մեծահասակների շրջանում, այժմ ազդում է դպրոցահասակ երեխաների և դեռահասների վրա: Միևնույն ժամանակ, հարյուր միլիոնավոր մարդիկ դեռևս տառապում են թերսնումից, հատկապես աշխարհի ամենաաղքատ մասերում։ Թերսնման երկու ձևերի դեմ հաջողությամբ պայքարելու համար կենսականորեն կարևոր է զգալիորեն բարելավել առողջ, սննդարար սննդի հասանելիությունը»,- ըստ shantnews-ի՝ ասում է հետազոտության ավագ հեղինակ, պրոֆեսոր Մաջիդ Էզզաթին Լոնդոնի Կայսերական քոլեջից: