«Արևմուտքի ինչ-որ չափով աջակցությունը ՀՀ-ին ամենևին չի նշանակում ճնշում Ադրբեջանին և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ». Տարասով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի դադարում անդրադառնալ այսօր Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպմանն ու աշխարհաքաղաքական միտումներին։ Թեև նախորդող օրերի ընթացքում Փաշինյանի հետ հանդիպել պատրաստվող արևմտյան ղեկավարներն անձամբ զանգեր նախաձեռնեցին Բաքվի բռնապետին, ըստ հայաստանյան արևմտամետ շրջանակների՝ Ալիևի վրա մատ թափ տալու, իսկ մի շարք այլ շրջանակների որակմամբ՝ Ադրբեջանին վստահեցնելու համար, որ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, այդ զանգերը կարծես չփոխեցին ոչ Ալիևի հռետորաբանությունը, ոչ կարծիքն այս հանդիպման մասին։

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն Ալիևն այսօր, այսինքն՝ Եվրահանձնաժողովի նախագահի ու ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազանգերից հետո, հայտարարել է, որ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած հատուկ ռազմական գործողությունը  տագնապեցրել է որոշ ուժերի, և ներկայումս գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, ընթանում են շատ վտանգավոր ուղղությամբ։

«Դա միտված է բաժանարար գծեր ստեղծելուն և մեր երկիրը մեկուսացնելուն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով, նման հանդիպումները հակասում են Ադրբեջանի և Անդրկովկասի այլ երկրների համագործակցությանը։ Ալիևը նաև հավելել է, որ Եվրախորհրդարանի հայտարարությունները և ԵՄ երկրների՝ Հայաստանին աջակցելու ջանքերն ապագայում մեծ հետևանքներ կունենան։

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի նախագահը սա հայտարարում է այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ալիևին ու հորդորել զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում ասվում էր․ «Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության աճն արդարացում չունի, և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը և հորդորել է ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»։

Սակայն ստացվում է, որ գերտերության գլխավոր դիվանագետի հորդորը որևէ նշանակություն չունի՞ Բաքվի բռնապետի համար, որ վերջինս շարունակում է խոսել ռեգիոնում վտանգավոր միտումների մասին՝ սպառնալով ռեգիոնալ կայունությանը։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ադրբեջանական կողմն իր օրակարգն է առաջ մղում բոլոր ուղղություններով, կարողանալով 44-օրյա պատերազմում իր հաղթանակը ճիշտ օգտագործել, ինչպես նաև խաղալ աշխարհաքաղաքական բոլոր հակասությունների վրա։ Սակայն, ըստ նրա, Ադրբեջանն ունի գործընկեր երկրներ, որոնց հետ հարաբերությունները սերտ են և քաղաքական օրակարգը՝ նույնական, իսկ ԱՄՆ-ը, ԵՄ-ն այդքան էլ այդ ցանկում չեն։

«Ուստի դեմ լինելով այս եռակողմ համագործակցությանը՝ Ադրբեջանը փորձում է իր համար նոր հնարավորություն ստեղծել։ Արևմուտքի ինչ-որ չափով աջակցությունը ՀՀ-ին ամենևին չի նշանակում ճնշում Ադրբեջանին և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ Հենց դա է պատճառը, որ զանգերը կան, թե ինչ են խոսում իրականում՝ բարդ է ասել, քանի որ հաղորդագրությունները երբեմն քիչ կապ ունեն իրական խոսակցության հետ, սակայն լուրջ ճնշումներ չկան, դա միանշանակ է։

Արևմուտքին Ադրբեջանը հարկավոր է Իրանի դեմ քաղաքականության շրջանակում, որն Անդրկովկասում Արևմուտքի գլխավոր թիրախներից երկրորդն է, ուստի Ադրբեջանը չափազանց կարևոր գործընկեր է»,- ասաց վերլուծաբանը։

Նա նշեց, որ նախնական գնահատականների համաձայն՝ Բրյուսելում որևէ աննախադեպ բան տեղի չունեցավ, տեղի ունեցավ այն, ինչ կարելի էր սպասել՝ որոշակի ֆինանսական աջակցություն Հայաստանին ու գեղեցիկ խոսքերի երկար շարք՝ ուղղված ՀՀ իշխանություններին։

«Բովանդակության և խորության տեսանկյունից չափազանց թույլ հանդիպում, թեև բարձրաստիճան ու բավականին լավ նախապատրաստված՝ քարոզչական տեսանկյունից»,- ասաց նա։

Իսկ Ադրբեջանը, նրա կարծիքով, հասկանում է, որ այդ ձևաչափին դեմ են մի շարք երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, և փորձում է նաև այդ դիրքորոշումները խաղարկել և օգուտներ խաղալ՝ այս փուլում իր քայլերը կառուցելով ռեգիոնալ հարթությունում։

Տեսանյութեր

Լրահոս