ԵԱՏՄ-ում ապրիլի 7-ից ուժի մեջ են մտնում մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները
Ապրիլի 7-ից ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, որը փոփոխություններ է մտցնում սպանդային արտադրանքի և մսամթերքի սննդային արժեքի մասին պիտակավորման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներում։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։
Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մորթված կենդանիների միսը և սպանդի արտադրանքը, այդ թվում՝ որպես հումք օգտագործվողները, բնութագրվում են սպիտակուցների և ճարպերի պարունակության բնական տարասեռությամբ:
Փոփոխություններով նախատեսված են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների (սննդային արժեքի ցուցանիշների) շեղման թույլատրելի սահմանները մակնշման մեջ։
Արտադրանքի մեջ սպիտակուցը պետք է լինի պիտակավորման մեջ նշված մեծության 80 տոկոսից ոչ պակաս, ճարպը, ածխաջրերը, էներգետիկան արժեքը (կալորիականությունը)՝ պիտակավորման մեջ նշված մեծությունների 120%-ից ոչ ավելի:
Օրինակ, մսամթերքի մակնշման մեջ 100 գ մթերքի հաշվով 17 գ սպիտակուցի միջին արժեքի (100 %) նշման դեպքում սպիտակուցի փաստացի պարունակությունը, հաշվի առնելով նոր պահանջները, չպետք է լինի 13,6 գ-ից պակաս (80 %) 100 գ արտադրանքի հաշվով: 100 գ արտադրանքի հաշվով ճարպի 18 գ (100%) միջին արժեքի դեպքում ճարպի փաստացի պարունակությունը չպետք է լինի 21,6 գ-ից (120 %) ավելի 100 գ արտադրանքի հաշվով:
Համանման մոտեցում է նախատեսված Եվրասիական տնտեսական միության «Թռչնի մսի և դրա վերամշակված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներով, որոնք գործում են 2023 թվականի հունվարի 1-ից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նշում է, որ փոփոխություններն ուղղված են այն խնդիրների լուծմանը, որոնք կապված են սննդանյութերի պարունակության վերահսկման հետ՝ հաշվի առնելով հումքի առանձնահատկությունները և մսամթերքի վերամշակման արդյունաբերության յուրահատկությունը, ինչպես նաև այն գործողությունների կանխմանը, որոնք սպառողներին մոլորեցնում են պիտակավորման մեջ նշված սպիտակուցի, ճարպի ածխաջրերի պարունակության և կալորիականության փաստացի արժեքների անհամապատասխանությամբ: Վալենտին Տատարիցկիի կարծիքով՝ նոր պահանջների ներդրումը դրական ազդեցություն կունենա Միության երկրներում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա։
Հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մարտի 5-ի թիվ 15 որոշմամբ սահմանվել է անցումային շրջան։ Նախատեսված է, որ սպանդային մթերքների և մսամթերքի համապատասխանության գնահատման փաստաթղթերը, որոնց վերաբերյալ փոփոխություններ են կատարվել, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև 2024 թվականի ապրիլի 7-ը, վավերական են դրանց պիտանելիության ժամկետի ընթացքում։ Այդ արտադրատեսակների արտադրությունը և թողարկումը թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի վավերականության ժամկետի ավարտը, արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված պիտանելիության ժամկետի ընթացքում: