Տավուշի գյուղերի հարցը ծագել է Փաշինյանի եւ Մհեր Գրիգորյանի մեղքով. Հրանտ Բագրատյան. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի զրուցակիցն է նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
– Պարոն Բագրատյան, Դուք դեռ 2021թ․ մարտին էիք ահազանգել, որ ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում` նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Այն ժամանակ իշխանությունը Ձեզ մեղադրեց կեղծ լուրեր տարածելու մեջ, տեղեկատվական գրոհ սկսեցին Ձեր դեմ, անգամ դատական հայց եղավ, բայց կյանքը ցույց տվեց, որ, փաստորեն, իշխանությունը, իսկապես, Տավուշում պատրաստվում է հող հանձնել։
– Ցավալի է, որովհետեւ 2021 թվականին Ազատամուտի բնակիչներից մեկը` մեր կուսակցության համակիրներից մեկը, ասաց, որ չափումներ են անում։ Ազատամուտ-Բանավան կա՝ հայկական բնակավայր, որը, Նիկոլի պլանի համաձայն, պետք է հանձնվի Ադրբեջանին։ Մենք գնացինք, տեղում տեսանք, որ այդպիսի գործողություններ են անում։ Այն ժամանակ Տավուշի մարզպետ աշխատող Հայկ Չոբանյանը մեզ դատի տվեց, եւ մտանք ինչ-որ դատական պրոցեդուրայի մեջ։ Ձգձգվող պատմություն էր, բայց այդ գործն այս պահին չկա։ Չեմ կարող ասել՝ հստակ երբ, հավանաբար՝ ամիսներ առաջ կա՛մ դատարանն է մերժել, կա՛մ հետ են վերցրել հայցը, մի խոսքով` այս պահին այն չկա։
– Ադրբեջանը Հայաստանից 4+4 զիջում է ակնկալում, 4 գյուղ, որն իրենցն են համարում, եւ 4 անկլավ։ Փաշինյանն արդեն հայտարարում է, որ ոչ անկլավային 4 գյուղերը պատրաստ է զիջել։ Փաստորեն, ներկա վիճակը գալիս է ապացուցելու, որ դեռ այն ժամանակ, այդուհանդերձ, գետնի վրա ինչ-որ աշխատա՞նք է տարվել։
– Այո, ընդ որում՝ առանց խորանալու: Եվ, իմ ունեցած տեղեկություններով, այդտեղ կոնկրետ Մհեր Գրիգորյանի մեղքն է, որը սնապարծ, անպատրաստ գնում է բանակցությունների, եւ այն ժամանակ, առանց խորանալու, կարծել է, թե այնտեղ, իբր թե, ադրբեջանական 4 գյուղ կա։ Սա այն դեպքն է, երբ նիկոլական իշխանությունը, ի դեմս Մհեր Գրիգորյանի, անպատրաստ գնում է բանակցությունների, երբ ադրբեջանցիները գալիս են կեղծած թղթերով, իսկ այդ կուտը սրանք ուտում են։
– Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այդ գյուղերը երբեք մերը չեն եղել, նախօրեին էլ Արարատի մարզում էր նույնն ասում, անուղղակիորեն արարատցիներին էլ, հավանաբար, նախապատրաստելով իրենց մարզում «սահմանի ճշգրտմանը»։ Այնտեղ նա ասաց, որ հակառակ դեպքում Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է նախապատրաստվում։ Որպես նախկին վարչապետ՝ այս շանտաժին ի՞նչ կհակադրեք։
– Դրանք անես-չանես, Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում։ Ե՛վ Տավուշի 4 գյուղերը, ե՛ւ Տիգրանաշենը բոլոր թղթերով հայկական են։ Ուզում եմ շեշտել՝ նախեւառաջ Փաշինյանն է ուզում տալ, որ հանգիստ ապրի, ախպերություն անի ադրբեջանցիների հետ։ Սա՝ մեկ։ Երկրորդը․ եթե ուրիշը քեզնից հող է ուզում, որը քո տարածքն է, հողը տալու պրոցեդուրան մեկն է՝ ռեֆերենդում։ Երրորդ. պետք է պատրաստ լինել պատերազմի։ Ադրբեջանը այդ 4 գյուղերից հետո եւս չորսն է ուզում, ընդ որում՝ գյուղեր կան, որոնց անունը Փաշինյանը տալիս է, դրանք գոյություն չունեն եւ երբեք գոյություն չեն ունեցել։ Օրինակ՝ Էյվազլի, Չայզամի։ Կապանում այդպիսի գյուղեր կա՞ն, մենք նույնիսկ չգիտենք, թե ադրբեջանցիներն այդ որ գյուղերն են այդպես անվանել, բայց Փաշինյանը միշտ հայկական անվանում ունեցող, ՀՀ տարածքում գտնվող գյուղերն անվանում է ադրբեջանական անվանումներով եւ տալիս է։ Դա վերջ չունի: Բացի այս, Ադրբեջանը չի հրաժարվում, այսպես կոչված, միջանցքն ուժով գրավելու գաղափարից, նա չի հրաժարվում մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներին այստեղ բերելու գաղափարից՝ առանց քննարկելու հայերի վերադարձի հարցը։ Էլ չեմ ասում, որ այստեղ մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներ երբեք չեն ապրել, այն դեպքում, երբ Ադրբեջանում 4 անգամ ավելի հայ էր ապրում, քան Հայաստանում` ադրբեջանցի։ Սա է շղթան։
– Փաստորեն, հիմա Տավուշում մենք նույն սցենարն ենք տեսնում, ինչ Սյունիքո՞ւմ։
– Այո, սուտ սցենար, ինչպես Սյունիքում Վաղարշակ Հարությունյանը ստորագրեց ու հանձնեց հայկական հողերը, հայկական ճանապարհը։ Հայերն այդ ճանապարհը (Գորիս-Կապան մայրուղին) հո չէի՞ն կառուցել Ադրբեջանի տարածքում։ Այս երկրի վարչապետն ու Մհեր Գրիգորյանը դա չե՞ն հասկանում, նա պրիմիտիվ ձեւով նստում ու սկսում է բանակցել Google Maps-ով։ Լավ, իրեն հարց չի՞ տալիս, թե Google-ն ինչ գիտի մեր սահմանները, որ գծում է։ Որերորդ անգամն է՝ Google Maps-ում հօգուտ Ադրբեջանի ես փոփոխություն եմ տեսնում, այդ թվում՝ Տավուշի հատվածում։ Չորս տարի առաջ Google Maps-ում նման բան չկար, Տավուշը մաքուր մերն էր, հիմա նման բաներ են անում։ Ունենք հստակ տեղեկություն, որ դա արվում է կաշառքով, Ադրբեջանը կաշառում է Google-ին, որը սարսափելի հակահայ կազմակերպություն է։
– Օրեր առաջ Տավուշում էիք, մարդկանց հետ շփվել եք, ի՞նչ տրամադրություններ են։ Տեղեկություններ կան, որ իշխանությունները փորձել են ճնշում գործադրել այն մարդկանց վրա, ովքեր համարձակվել են Փաշինյանի այցից հետո ձայն բարձրացնել, անգամ` իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ տալ։
– Ես ուզում եմ կոչ անել՝ մի վախեցեք, ոչ մի ճնշման չենթարկվեք։ Վեցերորդ տարին է՝ իշխանություն են, ո՞ւմ են ինչ արել, նրանք ոտքից գլուխ սխալ են։ Տավուշցիները պետք է ազատ արտահայտվեն իշխանությունների արածների դեմ` իրենց տները, իրենց հողամասերը, իրենց կանանց ու երեխաներին պաշտպանելու համար։
– Իսկ մտավախություն չկա՞, որ կարող է 44-օրյա պատերազմի սցենարը կրկնվել, ու պատերազմով հանձնվեն այդ տարածքները։
– 44-օրյա պատերազմի սցենարը չի լինի, եթե ՀՀ ղեկավարությունը չասի՝ դրանք ադրբեջանական են։ Փաշինյանը հիմք է պատրաստում պատերազմի համար։ Եթե նա մերժի, ասի՝ դելիմիտացիան կսկսենք այնպիսի հատվածում, որտեղ վեճ չունենք, մենք կհասկանանք սա, բայց Փաշինյանն ինքն է հող նախապատրաստում, նա աշխատում է որպես Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությանը նպաստող գործոն։ Հասկանում է դա, թե ոչ՝ ես չգիտեմ։ Ալիեւը հստակ ասաց՝ այդ գյուղերը մեզ պետք է տաս, որովհետեւ դու խոսք ես տվել։
– Պարոն Բագրատյան, իրավիճակն իսկապես բարդ է, բայց, այդուհանդերձ, Հայաստանը ռեսուրս ունի՞ այլ սցենարով իրավիճակից դուրս գալու։ Խոսքը ե՛ւ ռազմական, ե՛ւ դիվանագիտական ռեսուրսի մասին է, թե՞ մենք այնքան անճարակ ենք, ինչպես Փաշինյանն է ուզում ներկայացնել։
– Հայաստանն ունի ե՛ւ դիվանագիտական ռեսուրս, ե՛ւ ռազմական ռեսուրս, ե՛ւ, վերջապես, դաշնակից ունի։ Դա ՀԱՊԿ-ն է։ Թող հիմա դիմի ՀԱՊԿ-ին, ասի՝ այստեղ վեճ կա, իբր թե սահմանների, շատ կասկածելի վեճ է, Ադրբեջանն ուզում է մեզ վրա հարձակվել, խնդրում ենք մեզ պաշտպանել, մինչեւ կորոշենք, թե ինչ սկզբունքով ու քարտեզներով են որոշվելու մեր սահմանները։ Փաշինյանը հիմարություն է անում, նա անընդհատ ասում է՝ Ալմա-Աթայի հռչակագիր, իսկ Ռուսաստանն ասաց՝ ինձ մոտ, գենշտաբում կան 1926 թվականի ռազմական քարտեզները, այդ քարտեզներում Հայաստանը 31 հազար 940 քառակուսի կիլոմետր է, Փաշինյանն ինքն է դրանից հրաժարվել։ Պետք է ասել՝ մի երկրի կազմում ենք եղել, գոյություն ունեն գենշտաբի քարտեզներ, սիրելի բարեկամներ, այդ քարտեզներով մենք մեր հողում ադրբեջանական ոչ մի տարածք չունենք։ Բայց Փաշինյանը սա չի անում, որովհետեւ ստիպված է լինելու բարի տոնով Ռուսաստանի անունը տալ, այդ դեպքում նա իր արեւմտյան գործընկերներին է խաբում, իսկ նրանք, ինչպես Արցախը հանձնեցին, ասում են՝ Տավուշը, միջանցքը, ինչ որ կա, հանձնիր, Ռուսաստանին վտարիր Հայաստանից, մենք պատերազմ անող չենք, բայց այն, ինչ կմնա, քաղաքական հայտարարություններով կպաշտպանենք, եւ դու հավերժ կլինես այդ երկրի ղեկավարը։
– Ապրիլի 5-ին Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան հանդիպումն է սպասվում, բայց Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, թե Ալիեւի ռեժիմը եւ նրա դաշնակիցներն ուզում են հարձակվել Հայաստանի վրա, ընդ որում` Զատիկին, խափանել նախատեսված հանդիպումը՝ ուղղված Հայաստանի զարգացմանն ու կայունությանը։ Այդ հանդիպումը Հայաստանին ի՞նչ է տալու։
– Մեծամասամբ՝ ոչինչ, գուցե մի 100 միլիոն դոլար փող տան, այն դեպքում, երբ մենք ամեն տարի Ռուսաստանից 10 միլիարդ դոլար ենք ստանում՝ 5 միլիարդ տրանսֆերտ, 5-6 էլ՝ վերաարտահանումից։ Ոչինչ չի տալու, Արեւմուտքն աղքատ է՝ բյուջեի դեֆիցիտներով, զենք չունեն, զինամթերք չունեն։ Այս վիճակում է Արեւմուտքը։ Իսկ երբ դեսպանն է հայտարարում, թե կհարձակվեն եւ այլն, եւ այլն, դա շանտաժ է մեր ժողովրդի նկատմամբ, դա արվում է Երեւանի ցուցումով, եւ երկրորդ՝ Տավուշի գյուղերի հարցը ծագել է Փաշինյանի եւ Մհեր Գրիգորյանի մեղքով։ Այդ գյուղերը երբեք ադրբեջանական չեն եղել, նրանք դեռեւս 3-4 տարի առաջ, առանց ստուգելու, առանց պատրաստ լինելու, նայել են Ադրբեջանի տված քարտեզներին ու առանց խորանալու բոլոր խոստումները տվել, իսկ սա արդեն պրոբլեմ է, որովհետեւ Ալիեւը չի ասում՝ քարտեզով դրանք մերն են, ասում է՝ խոսք եք տվել, տվեք։
Մարիաննա Ղահրամանյան