«Առաջիկայում կդրվի նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու և բազայի դուրսբերման հարցը. Արևմուտքում մեծ ոգևորությամբ ՀՀ իշխանությունների այս քայլերին են սպասում»
Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման։ Նման հայտարարությամբ նախօրեին հանդես եկավ ՌԴ ԱԳ նախարարը ռուսական «Известия»-ին տված հարցազրույցի ժամանակ՝ անելով մի շարք ուշագրավ հայտարարություններ և արձանագրումներ։ «Հայաստանի ղեկավարությունը, անկեղծ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք տարիների պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման, մեր զինծառայողների, որոնք ծառայում են 102-րդ ռազմաբազայում, սահմանապահների և ընդհանուր առմամբ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) զրպարտությանը»,- նշել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարի գնահատականով՝ «Հայաստանում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»։
Անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հակասություններին՝ Լավրովը նշել է, որ Երևանում չեն խոսում այն մասին, որ կառույցը «բազմիցս է պաշտպանել Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում»։
Ըստ նրա՝ այն պատրաստ է եղել 2021 թվականին իր խաղաղապահ առաքելությունը ուղարկել հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու համար, սակայն դրանից անսպասելիորեն հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ. Մինչև գիշեր նստեցինք, ամեն ինչին հավանություն տվեցինք, առավոտյան, երբ նախագահներն ու վարչապետներն արդեն հանդիպել էին, պարոն Փաշինյանը հայտարարեց, որ կոնսենսուս չկա»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Հաջորդիվ Լավրովը բողոքել է, որ երևանյան նիստից օրեր անց Փաշինյանը նույնպիսի խաղաղապահ առաքելություն հրավիրել է ԵՄ-ից, որը, ըստ նրա, արդեն վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ «Հայաստան հրավիրվեց Եվրամիության նույնպիսի խաղաղապահ առաքելություն՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի ընդամենը երկու ամսով, իսկ երկու ամիս անց, անտեսելով Բաքվին, Եվրամիությունը կրկնապատկեց այդ առաքելությունը։ Իսկ այժմ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից դեռևս զինվորականներ են ուղարկվում այնտեղ՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության։ Եվ վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրում են պարոն Փաշինյանը, նրա աշխատակիցները, Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նաև ասել է, որ ՌԴ-ն երբեք չի հրաժարվում իր պայմանավորվածություններից։ «Բայց վերջերս նրանք մեզ հետ չեն կապվում։ Վերջին անգամ Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա.Ս. Միրզոյանի հետ զրուցել եմ 2023 թվականի նոյեմբերին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ։ Մենք էինք առաջարկել հանդիպումը։ Նրանք չեն խնդրել, բայց ես իմ գործընկեր Ա.Ս. Միրզոյանին ևս մեկ անգամ հաստատեցի այն ամենը, ինչի մասին հիմա խոսում ենք։ Նրանք գիտեն մեր դիրքորոշումը։ Այս դիրքորոշման մասին մեզ պարբերաբար հիշեցնում է մեր դեսպան Ս.Պ.Կոպիրկինը»,- նշել էր Լավրովը։
Ռուսական կողմն ըստ էության առաջին անգամ պաշտոնական մակարդակով արձանագրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները չկան, ՀՀ իշխանությունները չեն շփվում ռուսական կողմի հետ, չկան զանգեր Մոսկվա՝ ոչ ԱԳ նախարարի, ոչ ղեկավարների մակարդակով, չկան այցեր։ ՀՀ իշխանություններն այս տարվանից սկսած արդեն ուղիղ ձևով խզում են հայ-ռուսական հարաբերությունները, ինչ-որ արհեստական կապ են պահում՝ ուղերձներով, նամակներով շնորհավորելով կամ ցավակցելով ռուսական կողմին։
Արցախի բռնի տեղահանությունից հետո Փաշինյանը միայն մեկ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Հեռախոսազրույցը եղել է հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը, և Փաշինյանը շնորհավորել է նրան։ Այսպիսով, Փաշինյան-Պուտին հեռախոսազանգերի և հանդիպումների քանակը մեծացել էր հատկապես պատերազմին հաջորդող տարիներին՝ 2021-ին և 2022-ին, սակայն 2023-ին հեռախոսազրույցներն ու հանդիպումները զգալիորեն նվազեցին։ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը, շփումը եղել է նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում։ ՀՀ-ին ոչ պաշտոնապես դուրս դնելով ՀԱՊԿ-ից՝ ՌԴ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Ըստ էության, այս այցից հետո ուղիղ շփումներ չկան, սակայն ՀՀ իշխանությունները տարեսկզբից մինչ այս պահը հանդիպումներ ու շփումներ են ունեցել արևմտյան գրեթե բոլոր ազդեցիկ դեմքերի հետ, ինչպիսին է Մակրոնը, Շոլցը, Ռիչարդ Մուրը, Բլինքենը, Ռասմուսենը, Ստոլտենբերգը, Զելենսկին, ԵԱՀԿ նախագահի ու գլխավոր քարտուղարի հետ և մի շարք այլ գործիչների հետ։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ վարում են «հեռագրային դիվանագիտություն», ՀՀ իշխանությունները «Զվարթնոց» օդանավակայանից սկսել են ռուսական ներկայությունը ՀՀ-ից դուրս բերելու գործընթացը։ Իսկ նախօրեին սկսեցին նաև ՀՀ-ում եթերազրկել ռուսական հաղորդումները, չի բացառվում, որ առաջիկայում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն ընդհանրապես դադարեցվի։
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ամենևին էլ զարմանալի չէ, որ նման շփումներ, հանդիպումներ չկան, քանի որ ՀՀ իշխանությունները քիչ-քիչ վերացնում են բոլոր կապող օղակները։
Ըստ նրա, սկզբից իրենք իրենց իսկ քայլերով խնդիր ստեղծեցին ՀՀ-ի համար, դա բարդեցին ռուսական կողմի վրա, որդեգրեցին «դժգոհ» կամ «նեղացած» երկրի կարգավիճակ, սկսեցին հայտարարել, որ դիվերսիֆիկացիա են սկսում։
«Այնինչ՝ սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ հայ-ռուսական ավանդական հարաբերությունների քանդում և ինտենսիվ կերպով արևմտյան կողմնորոշման որդեգրում։ Սա դիկվերսիֆիկացիա չէ, այլ հիմնական կողմնորոշման, դաշնակցի փոփոխություն, և առաջիկայում կդրվի նաև ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և բազայի դուրսբերման հարցը։ Կարծում եմ՝ Արևմուտքում մեծ ոգևորությամբ հենց այս քայլերին են սպասում։ Սակայն, ինչպես ՌԴ ԱԳ նախարարն է նշել, դա ՀՀ ընտրությունն է, այստեղ ՌԴ-ն ի՞նչ պետք է անի, ՌԴ-ն ունի ռեգիոնալ այլ գործընկերներ, դա երևի թե պատերազմի այս փուլում բավարար է, իսկ պատերազմից հետո, կարծում եմ, շատ հարցեր ավելի հեշտ կլինեն Ռուսաստանի համար»,- ասաց նա։