Տավուշում հասարակության պահվածքն ու դիրքորոշումն են ստուգում, եթե դիմադրություն չեղավ, Փաշինյանը սահուն անցնելու է Սյունիքին. Հայկ Նահապետյան

Մարտի 18-ին Տավուշի մարզ կատարած այցի ու բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել էր` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հարցերի քննարկումից և  իրենցից պահանջվող  տարածքները զիջելուց, ապա մեկ շաբաթից «պատերազմ է սկսվելու»։

Երեկ էլ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե եթե հայկական կողմը Տավուշում գնում է  զիջումների, փոխարենը Ադրբեջանը դուրս  գալո՞ւ է այն տարածքներից, որտեղ ներխուժել է 2021 թվականի մայիսից։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նախ պետք է ֆիքսել, թե ո՞րն է մեր տարածքը, հետո ասել, թե Ադրբեջանը դուրս գալո՞ւ է, թե՞ ոչ։

168.am-ի հետ զրույցում անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի որևէ քայլ, հայտարարություն զարմանալի չէ, քանի որ նա իրեն դուրս է դրել օրենքից և անում է  այն, ինչ թելադրում են Ադրբեջանն ու Թուրքիան։

Կարդացեք նաև

«Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնում է միջգերատեսչական հանձնաժողովը, որի պատասխանատուն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներն են։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում մարդկանց ասում էր, «դե խմբեր կազմեք, ինձ տարեք սահմանների տեղը ցույց տվեք»։ Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ հանձնաժողովը չի աշխատում, եթե հանձնաժողովը չի աշխատում, ապա այս մարդը միակողմանիորեն Հայաստանի տարածքներից է հանձնում։ Եթե հակառակ կողմը դուրս չի գալիս ՀՀ սուվերեն տարածքից, որևէ բան չի տալիս, ապա ի՞նչն է ստիպում Նիկոլ Փաշինյանին հանձնել տարածքներ, ո՞րն է դրա հրատապությունը, սա չի՞ նշանակում, որ այս մարդը միակողմանիորեն հանձնում է ՀՀ տարածքներ, ինքն ունի տված խոստումներ այդ տարածքները հանձնելու»,- նշեց Հայկ Նահապետյանը։

Նրա բնորոշմամբ,  եթե Նիկոլ Փաշինյանը հանձնում է այդ գյուղերն իրենց տարածքներով, ապա հայկական կողմի պաշտպանական առաջին բնագիծը և մարտական հենակետերը հայտնվում են շրջափակման մեջ։ Դրանից զատ, հայ-վրացական միջպետական ճանապարհը հայտնվում է թշնամու հսկողության տակ՝ առնվազն երկու հատվածներում։ Կա նաև մեկ այլ վտանգ, որ այդ ճանապարհով անցնում է գազատար խողովակը, որը հեշտությամբ հայտնվում է թշնամու հսկողության տակ և, ինչպես Շուշիում էին փական դրել, իրենց ուզած ժամին փակում ու բացում էին, այնպես էլ կարող են անել հիմա՝ ցանկացած պահի Հայաստանին զրկել գազի մատակարարումից։

«Այս ամենից զատ, եթե ինքն այդ տարածքները հանձնում է, մի շարք գյուղեր ինքնըստինքյան հայտնվում են թշնամու անմիջական վերահսկողության տակ, օրինակ՝ Կիրանցը, Բերդավանը և այլ գյուղեր ընկնում են թշնամու դիտարկման ներքո։ Սա նշանակում է, որ մարդիկ վաղ թե ուշ լքելու են այդ գյուղերը։ Հեկտարներով մշակովի հողատարածքներ, արոտավայրեր նույնպես անցնելու են թշնամու հսկողության տակ։

Փաշինյանը, որ բնակիչներին սպառնում է, թե՝ եթե չհանձնենք, պատերազմ կսկսվի, կեղծում է։ Նա ակնհայտորեն Ադրբեջանին լեգիտիմ իրավունք է տալիս այդ տարածքները գրավելու։ Եթե որպես երկրի ղեկավար՝ ինքը հայտարարում է, որ դա ադրբեջանական տարածք է, նշանակում է՝ Ադրբեջանի համար հիմք է ստեղծում այդ տարածքները վերցնել ուժով։ Նիկոլ Փաշինյանն օրենքից դուրս քայլեր է անում, նա մեր երկրի տարածքային ամբողջականության ու ժողովրդի անվտանգության երաշխավորը չէ։ Այսինքն՝ նա իր հայտարարությամբ ասում է, որ եթե գյուղացիները չկարողանան վերցնել, ապա դու ուժով կարող ես վերցնել»,- շեշտեց փորձագետը։

Դա կանխելու համար, Հայկ Նահապետյանի կարծիքով, Հայաստանում պետք է  քաղաքական կոնսենսուս լինի՝ քաղաքական ուժերի և հասարակության միջև, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց կյանքն ու երկրի ինքնիշխանությունը։  Հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին հստակ ասում է՝ կարող ես գալ ու լիկվիդացնել այն բնակիչներին, որոնք այդ տարածքներից  չհեռանան։

«Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն ու որոշումը բերելու է ծանր հետևանքների՝ մարդկային ու տարածքային կորուստների։

Այս պահին Ադրբեջանի համար առաջնայինը «միջանցք» ստանալն է, Տավուշի մարզն իր կարևորությամբ առաջնային չէ։ Պարզապես այս ճանապարհով ՀՀ իշխանությունն ու Ադրբեջանը փորձում են մարդկանց, հասարակության պահվածքն ու դիրքորոշումը, դիմադրության չափը։ Դրանից հետո, հաջորդ քայլերը տեղափոխվելու են Սյունիք, իսկ հիմա Տավուշում փորձ է՝ հասկանալու՝ ինչ են անելու մարդիկ, եթե Տավուշում դիմադրություն չեղավ, Փաշինյանը սահուն կերպով անցնելու է Սյունիքին։ Եթե հասարակությունը Տավուշում դիմադրություն ցույց տա, նշանակում է Սյունիքում ինչ-որ բան հանձնելը Նիկոլի ու Իլհամի համար խնդրահարույց է լինելու։ Հետևաբար, պետք է դիմադրություն ցույց տան ոչ միայն Տավուշում բնակվողները, այլև ամբողջ Հայաստանում, որովհետև այսպես հերթը հասնելու է Լոռուն, Վանաձորին ու այլ քաղաքների ու բնակավայրերի»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս