Ստոլտենբերգի ասածը սա է՝ Հայաստանը պարտվել է, և Ադրբեջանը կարող է պարտադրել իր պայմանները. Կարեն Իգիթյան
Տարածաշրջանային այցի շրջանակում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-ին մեկնել էր Ադրբեջան, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ստոլտենբերգի կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը տարիներ շարունակ հակամարտելուց հետո այժմ հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։ Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Գրեթե նույն միտքը Ստոլտենբերգը գրել է X-ում։
«Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից։
Ուրախ էի Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, և ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը: Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ավելի լայն անվտանգության համար. կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից»,- գրել է նա։
Ի՞նչ է նշանակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այս հայտարարությունը, ի՞նչ հնարավորության մասին է խոսում նա։
168.am-ի հետ զրույցում կովկասագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը պատասխանելով այս հարցերին՝ կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատի ունի, որ Ադրբեջանն արդեն գրավել է Արցախը, և այլևս խնդիր չկա խաղաղության գնալու համար։
«Հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասում է՝ գնացեք խաղաղության, քանի որ ձեզ այլևս խանգարող հանգամանք չկա։ Յենս Ստոլտենբերգը հստակ ասաց, որ հիմա Ադրբեջանը ՆԱՏՕ-ի գործընկերն է, ապահովում է էներգետիկ անվտանգությունը։ Այսինքն՝ իրենց տեսանկյունից, վերջապես Հայաստանը պարտվել է, և Ադրբեջանը՝ իրենց գործընկերը, կարող է պարտադրել իր պայմանները»,- նշեց Կարեն Իգիթյանը։
Այս համատեքստում փորձագետը նաև շեշտեց՝ քանի որ Ադրբեջանում համարում են, որ Հայաստանը պարտվող կողմ է, իրենք մինչև վերջ Հայաստանից ամեն ինչ պետք է «պոկեն»։
«Մինչդեռ Հայաստանի պարտությունը չի բերել հնարավորություն, որպեսզի լինի խաղաղություն, հակառակը՝ այդ պարտությունը բերել է նրան, որ Ադրբեջանը փորձում է ավելի մեծ ագրեսիա իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Սա խաղաղության մասին չէ, այլ այն մասին, որ մի կողմը հաղթում է և ուզում է ոչնչացնել մյուս կողմին»,- եզրափակեց Կարեն Իգիթյանը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի նաև Հայաստան, որի ընթացքում հանդիպում կունենա Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։
Այսօր Ստոլտենբերգը մեկնել է Թբիլիսի։