«Մեր վարչապետի թեկնածուն ո՛չ հներից է, ո՛չ նորերից. ապագայի վարչապետ է». Գագիկ Ծառուկյան
Այսօր դատարանի բակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, երբ ֆեյսբուքյան եթերում հայտարարում է, թե՝ «եթե ընդդիմադիրները ուժեղ են, կարող են այս անել կամ այն անել»։
«Մենք ուժեղ ենք՝ ոչ թե ասելով, այլ ուժեղ ենք՝ մեր արած գործերով։ Մեր երկրի առաջ այսօր այնքան խնդիրներ են ծառացած, որ ցանկացած մարդ տեսնում է, որ մարդն ընտանիք ունի, ծնողներ ունի, էս պարտված, խեղճացած վիճակում, ժողովուրդը պարտքերի, վարկերի տակ է։ 2 մլն 450 հազար վարկառու ունենք, պետք է դրա մասին մտածել։ Հիմա սազակա՞ն է, որ Ծառուկյանը մանր ու թեթև բաների մասին խոսի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության մասին, որ, եթե առաջիկա ընտրություններում ՔՊ-ն չընտրվի, ապա պատերազմ է լինելու, Գագիկ Ծառուկյանն ասաց.
«Այսօր ոչ ոք պատերազմ չի ուզում, պատերազմն ու խաղաղությունը պետք է ձևական խոսքով չլինի։
Խաղաղությունը պետք է ձևական խոսքով չլինի, որ ադրբեջանցիները բարձունքների վրա նստած՝ թելադրանքով ասեն՝ սա պետք է տաք, սա կատարեք, մեր զորքերը քչանան, զենք չառնենք, իրենք էլ ուժեղանան, այդտեղ խաղաղություն չկա, դա թելադրանք է։ Խաղաղությունը պետք է երաշխավորված լինի, 3-5 հզոր ու ազդեցիկ պետությունների հետ որպես դաշնակից՝ փաստաթուղթ կստորագրենք և ճանճը չի տզզա այդ տարածքում։ Այսօր մենք փոքր պետություն լինելով, կարիք ունենք հզոր դաշնակիցներ ունենալու, մասսայական փաստաթուղթ ստորագրելու»։
Ինչ վերաբերում է իր ղեկավարած ուժի վարչապետի թեկնածուին, նա ասաց.
«Մեր երկրին այսօր պետք է ապագայի վարչապետ: Ինչ ասեմ՝ իմ ասածին տեր եմ: Հներից չի լինելու, նորերից չի լինելու։
Հենց գա ժամանակը, ըստ կարգի՝ ամեն ինչ կասենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




