Հութիները հայտնել են, որ իսրայելական նավերն իրենց թիրախում կլինեն նաև Հնդկական օվկիանոսում
Եմենի «Անսար Ալլահ» շարժման խոսնակը նախազգուշացրել է, որ Իսրայելի հետ կապված նավերը, որոնք անցնում են Հնդկական օվկիանոսով, նույնպես կդառնան իրենց գրոհների թիրախներ:
«Հաշվի առնելով շարունակվող ռազմական ներխուժումը Գազա՝ մենք ընդգծում ենք, որ Եմենը կուժեղացնի Հնդկական օվկիանոսում իր հարձակումներն իսրայելական նավերի վրա և թույլ չի տա այդ նավերի անցումը», – X սոցիալական հարթակում գրել է շարժման խոսնակ Մոհամմադ Աբդուլսալամը։
Նա հավելել է, որ Իսրայելի հետ կապված նավագնացային ընկերությունները «պետք է լրջորեն վերաբերվեն Հնդկական օվկիանոսում մեր հարձակումներին և հասկանան, որ Իսրայելի հետ կապված յուրաքանչյուր նավ ենթակա է հրթիռների հարձակումների»:
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հարձակվել է տասնյակ նավերի վրա՝ ինչպես առևտրային, այնպես էլ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող։ Հութիները հայտարարել են, որ հարձակումներին վերջ կտան, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Մի շարք նավագնացային ընկերություններ դադարեցրել են փոխադրումները Կարմիր ծովով։