Եվրախորհրդարանի բանաձևը՝ «ականջ շոյող» հերթական հայտարարությո՞ւն, թե՞…
Նախօրեին Եվրախորհրդարանը 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով ընդունել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձև՝ կոչ անելով ամրապնդել և սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Սակայն ամենաառանցքայինն այն է, որ ԵՄ խորհրդարանը եվրոպական կառույցներին կոչ է անում դիտարկել Հայաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- արձանագրել է Եվրախորհրդարանը:
Եվրոպացի պատգամավորները վերոնշյալ բանաձևով նաև կոչ են անում ակտիվ կերպով աջակցել Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնմանը՝ ոչ միայն տնտեսական, այլև՝ անվտանգային և քաղաքական երկխոսության ոլորտներում։
Բանաձևով դատապարտվում է Ադրբեջանի ԶՈՒ ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և Հայաստանի որոշ հատվածների շարունակվող բռնազավթումը։ Եվրոպացի պատգամավորները վերահաստատել են Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը։ Նրանք մտահոգություն են հայտնել նաև Ադրբեջանի նախագահի և պաշտոնատար այլ անձանց կողմից ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։
Եվրոպացի պատգամավորներն այն համոզմանն են, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը պետք է կարգավորվի` հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս բանաձևով նրանք ևս մեկ անգամ վերահաստատել են ԵՄ-ի միանշանակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։
Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը և անվտանգության ոլորտում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելուն ուղղված ջանքերը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել նաև «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերմանն ուղղված Հայաստանի գործողություններին։
Բանաձևում անդրադարձ է կատարվել նաև Արցախի հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման կարևորությանը։ Պատգամավորները նաև Ադրբեջանին կոչ են արել արցախահայության հետ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգումը, և երաշխավորել նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Արցախի և Հայաստանի` ադրբեջանական կալանքի տակ գտնվող բոլոր բնակիչներին։
Ավելորդ է նշել, որ հայաստանյան արևմտամետ շրջանակները մեծ ոգևորությամբ են ընդունել ԵԽ այս բանաձևը՝ այն դարձնելով լայն քննարկումների առարկա, դրանով իսկ փորձելով ցույց տալ ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական շրջադարձի ճիշտ լինելը։ Բանաձևն ինքնին պարունակում է հայամետ ձևակերպումներ, Ադրբեջանին դատապարտում, ինչը, իհարկե, կարևոր է, սակայն, ինչպես մի շարք նախորդ անգամներ, գործնական որևէ նշանակություն չունի և չի փոխում ռեգիոնում Հայաստանի «կշիռը», այս փաստաթուղթն ունի միմիայն խորհրդատվական բնույթ և պարտադիր կատարման ենթակա չէ։ Ուստի կարևոր է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում իրականում այս բանաձևը։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշեց, որ այս բանաձևն ընդհանուր առմամբ ցույց է տալիս, որ ԵՄ-ն ընդունում է ՀՀ ընտրությունը և համարում, որ ՀՀ-ն կարող է լինել եվրոպական ընտանիքի մասը դառնալու թեկնածու երկիր։
Ըստ վերլուծաբանի, բանաձևը կարևոր է, քանի որ իրենից ենթադրում է աջակցություն ՀՀ դիրքորոշումներին, իսկ եվրոպական խորհրդարանի նման կառույցի աջակցությունը քաղաքադիվանագիտական ոլորտում քիչ բան չէ։
Նրա խոսքով՝ այլ հարց է, որ սա պարունակում է կոչ՝ դիտարկել ՀՀ-ի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հնարավորությունը, որը երկու օրում տեղի չի ունենում և ենթադրում է շատ ավելի երկար ժամանակ։
«Սրանով այս բանաձևն ուժեղ է և թույլ։ Ինչո՞ւ, որովհետև առաջին անգամ Եվրոպական խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ նման առաջարկ է անում, իսկ մյուս կողմից՝ առաջարկը՝ մի կողմ, բայց դժվար է պատկերացնել արագ հստակեցում այս հարցի շուրջ, որովհետև ՀՀ-ն շարունակում է մնալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներում, իսկ ԵՄ-ն՝ պայմանավորված Արևելյան Եվրոպայում ծավալվող իրադարձություններով, շատ ուղղություններով փոխել է իր քաղաքականությունը, այդ թվում՝ ինչ-որ որոշումների կայացման ավանդական ընթացակարգերը։ Աշխարհաքաղաքական բուռն իրադարձությունները երբեմն ենթադրում են արագ արձագանք, և ԵՄ-ն փորձում է համարժեք լինել իրավիճակին։ Ուստի անկանխատեսելի բարդ է գործընթացը, բայց առանցքայինը, իհարկե, ներկայումս ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցություններն են թվում»,- ասաց նա։
Ստյուարտի կարծիքով՝ ԵՄ-ում մտածում են, թե ինչ տարբերակով ինտեգրացիա նախատեսեն Հայաստանի համար և մոտավոր ճանապարհային ինչպիսի քարետզ սահմանեն։
Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ սա բանաձև է, հայտարարություն, որը որևէ նշանակություն չունի, սակայն հայաստանյան հասարակությունն այն էյֆորիայով կընդունի, քանի որ իրական քաղաքականությունը ՀՀ-ում սկսել է դիտարկվել հայտարարությունների և խոսքերի ու ոչ թ՝ե քայլերի դիտանկյունից։
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ սա հայ ժողովրդի «ականջը շոյելու համար է», որպեսզի հայ ժողովուրդը համոզվի, որ դաշնակիցներից հեռանալը ճիշտ է։ Սակայն, նրա խոսքով, ունենալով մի շարք լուրջ խնդիրներ, ՀՀ-ում նման փուչ գործընթացներով ոգևորվելու իրավունք չունեն։
«Կոչերը կամ հայտարարությունները ե՞րբ են որևէ արդյունքի հանգեցրել։ Եթե Ադրբեջանին կոչ անեն, որպեսզի Ղարաբաղի հայերին թույլ տրվի վերադառնալ, դա ինչ-որ արդյունք տալո՞ւ է, իհարկե ոչ։ Արդյունք տալիս է բանակցությունը, եթե այն չի օգնում, ապա՝ ճնշումը, քաղաքական լծակներն ու գործիքները։
Պետք է խորը մտածել, թե իրականում քաղաքականությունն ի՞նչ խնդիր է լուծում, խոսքերով աջակցությունն ի՞նչ հարց է լուծում Հայաստանի համար։
ՀՀ-ին նույնիսկ վարանում են ԵՄ անդամության թեկնածու դարձնել, ինչպես դա տարիներ շարունակ վարանում էին անել մնացած երկրների դեպքում։ Ուստի սա իր բնույթով ՀՀ իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական քարոզչության շրջանակում հարմար տեղավորվող բանաձև էր, որն իրականում, թղթի վրա ինչ-որ բան արձանագրելուց բացի, որևէ նշանակություն չունի»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ՀՀ-ին ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ գոնե դեռ չեն շնորհի։