«Գյուղերը տալուց հետո խնդրահարույց է լինելու Իրան ու Վրաստան գնալը». Հրանտ Բագրատյան
«Հանձին այս մարդու՝ մենք գործ ունենք սուտասան, օրը մի բան ասող, ամեն օր կարծիքը փոխող մեկի հետ։ Մենք արդեն էլ չենք վերլուծում, թե նա ինչ է ասում»,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե կա՞ր արդյոք որևէ նորություն, որ հնչել էր Նիկոլ Փաշինյանի ասուլիսում, թե՞ հնչեցրած խոսքը պարզապես ուղղված էր թե արտաքին, թե ներքին լսարանին։
Հրանտ Բագրատյանի բնորոշմամբ՝ Հայաստանն ինկվիզիցիայի այն զոհն է, որից անընդհատ կտորներ է պոկում Փաշինյանը՝ Ալիևի ու Էրդողանի հետ միասին։
«Նրա ասածները լավ չեք հասկացել, ինքն ուզում է ասել՝ Տավուշի այդ գյուղերը մերը ե՞րբ են եղել, որ տամ։ Այսինքն՝ տալիս ենք գյուղեր, որոնք մերն են բոլոր տեսակի թղթերով։ Այդ գյուղերը տալուց հետո, արդեն խնդրահարույց է Իրան գնալը ավտոճանապարհով, խնդրահարույց է դառնում Վրաստան գնալը։ Թուրքիան էլ այն կողմից հես ա Ամասիան կուզի, Բավրայի ճանապարհն էլ կփակվի»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։
Նախկին վարչապետը նաև ընդգծեց՝ հանրությունն իր գործողություններով պետք է իշխանություններին ցույց տա, որ իրենից ուժ է ներկայացնում՝ խոստանալով, որ քաղաքական գործողություններ կլինեն։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե ՀՀ տարածքը եղել է 29.743 քկմ, Հրանտ Բագրատյանը հակադարձեց՝ Խորհրդային Հայաստանի տարածքը եղել է 29.807 քկմ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում