Տավուշի այդ չորս գյուղերը ՀՀ վարչատարածքային բաժանման մեջ չեն. Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տավուշի 4 գյուղերի վերաբերյալ բոլոր հարցերին Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատասխանել է իր ասուլիսի ժամանակ, հետևաբար` ավելացնելու որևէ բան չունի։

Հարցին՝ եթե սահմանների դելիմիտացիան սկսվում է Տավուշի մարզից, ինչպես ասել էր Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ է լինելու այդ չորս գյուղերի ճակատագիրը, որը պահանջում է ադրբեջանական կողմը, Գնել Սանոսյանը պատասխանեց.

«Դելիմիտացիայի և դեմարկացիայի երևույթը նրա համար է, որպեսզի հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, այն կողմ՝ Ադրբեջանը։ Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն, հասկանան, թե որ քարտեզով են աշխատում, այսինքն՝ այն իրավական հիմքը, որով այդ գիծը հստակ կգծվի։

Պետք է երկու կողմի համար վերցնել ինչ-որ ընդունելի քարտեզ, որն էլ այդ գործընթացի համար կհանդիսանա հիմք։ Այդ քարտեզով կլինի և՛ կաբինետային, և՛ դաշտային աշխատանք։

Կարդացեք նաև

Այդ հատվածներում կան ենթակառուցվածքներ, ճանապարհներ, որոնք սահմանագծին բավականին մոտ են։ Որոշ տեղերում գուցե պարզվի, որոշ տեղերում հատում են սահմանագիծը, ինչը ենթադրում է, որ որոշ տարածքներում ճանապարհը վերակառուցելու հարցեր առաջանա։ Խոսքն այսօրվա գործող ճանապարհի որոշ հատվածների մասին է»,- նշեց Գնել Սանոսյանը։

Նախարարը նաև ասաց՝ ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, այս գյուղերը ՀՀ տարածքում չեն։

«Ընդհանուր աշխատանք պետք է արվի, որից կպարզվի՝ միայն ճանապարհն ու գազատա՞րը պետք է փոխվի, թե՞ այլ ենթակառուցվածքներ ևս կարող են փոխվել»,- եզրափակեց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս